Լրահոս
Օրվա լրահոսը

Անտառները նոսրացել են, որակազրկվել, բայց անտառածածկը չի նվազել

Մարտ 25,2015 15:33

Հայաստանի անտառային համակարգը վերջին 20-25 տարիների ընթացքում բավականին ծանր վիճակում է գտնվել: Հայաստանի անտառածածկը սովետային միության տարիներին եւ ներկայումս կազմում է 11.2 տոկոս: Այս տվյալներն այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողներին ներկայացրեց գյուղատնտեսության նախարարության գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:

Ռուբեն Պետրոսյանի ներկայացմամբ այս տարիների ընթացքում անտառածածկը չի նվազել, սակայն անտառային որոշ տարածքներ դեգրադացվել են, ավելի բարձրարժեք ծառատեսակները փոխակերպվել են ավելի ցածրարժեք ծառատեսակների. «Վերջին տաս տարիների ընթացքում, սակայն, իրականացվել են անտառավերականգնողական աշխատանքներ եւ մոտ 30-35 հազար հա անտառածածկ է ավելացել: Անտառածածկը վերականգնված է, իհարկե ոչ նախկին ծավալներով եւ որակով»: 2010-2014 թվականներին իրականացվել են 954 հա անտառավերականգման աշխատանքներ:

Ըստ բանախոսի՝ անտառները նոսրացել են, որակազրկվել են, բայց անտառածածկը չի նվազել: Պրն Պետրոսյանը Global Forest Watch կազմակերպության տվյալները ներկայացրեց, որոնց համաձայն՝ անտառային փոփոխության ծավալներով Հայաստանը 205 երկրների մեջ 159-րդ տեղն է զբաղեցնում: Բանախոսը սա հուսադրող տվյալ է համարում:

Ինչ վերաբերում է հանքարդյունաբերության պատճառով անտառային տարածքների լայնամասշտաբ վերացմանը, Ռուբեն Պետրոսյանը վստահեցրեց, որ ամբողջ աշխարհում, որտեղ հանքեր են շահագործվում, բնապահպանական վնասներ հատուցվում են. «Խնդիրը այդ բնապահպանական վնասների փոխհատուցումն է»:

Անդրադառնալով Թեղուտի ծառահատմանը, Ռուբեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ անտառահատված տարածքներում կառավարության որոշմամբ կրկնակի անգամ ավելի ծառեր են տնկվելու. «Հնարավոր չէ հանք շահագործել առանց բնությանը վնասելու»:

Ապօրինի անտառահատումները նույնպես նվազել են: Ըստ բանախոսի՝ եթե 2004 թվականին 32 հազար ապօրինի հատում էր արձանագրվել, ապա 2014 թվականին 1300-1400 ապօրինի հատում է արձանագրվել. «Բավականին մեծ տուգանքներ են գործում ծառահատումների համար: 1 ծառի հատման տուգանքը 150 հազար դրամ է կազմում»: Դիտարկմանը, թե այս տուգանքներից անտառները չեն վերականգնվում, պատասխանեց, որ անտառը վերականգնում է իրականացվող աշխատանքների ընթացքում:

Ապօրինի անտառհատումների հիմնական պատճառը, ըստ բանախոսի, հիմնականում սոցիալական խնդիրներն են. «Հատումները նվազել են սահմանված բարձր տուգանքների շնորհիվ, ինչպես նաեւ անտառամերձ համայնքներին թափուկ վառելափայտի անվճար տրամադրման շնորհիվ»: Գազաֆիկացման բարձր տեմպերը նույնպես նվազեցրել են ապօրինի ծառահատումը: Բանախոսը վստահ է, որ այս առումով մեծ քաղաքների ճնշումը անտառահատումների վրա նվազել է, սակայն անտառամերձ համայնքներում դեռեւս փայտ են օգտագործում. «Սահմանամերձ համայնքներում գազի եւ էլեկտրաէներգիայի ծախսերի սուբսիդավորումն էլ հնարավորություն կտա նվազեցնել ապօրինի հատումները»:

«Հայանտառ » ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանն էլ խոսեց անտառների որակական հատկանիշներից: Նրա ներկայացմամբ՝ Սովետական միության տարիներին անտառների 34 տոկոսն արդեն գերհասուն էին եւ որակական առումով դեպի վատն էին գնում. «Այս տարիներին ինտենսիվ հատումները բերեցին նրան, որ որոշ տեղեր խոշոր ծառեր հատվեցին եւ մատղաշը սկսեց բարձրանալ շատ խիտ: Սակայն դրանք այն ծառերը չեն, որոնք մենք կուզենայինք ունենալ անտառում՝ օրինակ հաճարի տեղը դուրս է գալիս բոխի: Անտառը ապագայի համար որակազրկվել է»:

Անտառների վերականգման համար, ըստ բանախոսի, չկան համապատասխան տեխնիկական եւ ֆինանսական ռեսուրսներ:

«Մեր երազանքն է, որ  մինչեւ 2050 թվականը Հայաստանում ունենանք 20 տոկոս անտառածածկ»,- հավելեց Ռուբեն Պետրոսյանը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031