«Սահմանադրական բարեփոխումները կնպաստեն երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը»,- մարտի 25-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նա նշեց, որ Հայաստանը առաջին երկիրը չէ, որ խորհրդարանական կառավարմանն է անցնում. Շատ երկրներ են այդ ճանապարհն անցել. «Ընդդիմախոսները վիճում են մի հարցի շուրջ, որ մենք լիակատար խաղաղության պայմաններում չենք, անհրաժեշտության դեպքում պետք է անհապաղ որոշում կայացնել: Այդ խնդիրը նույնպես լուծվող խնդիր է եւ օրենսդրորեն կարող է կարգավորվել»:
Կարծիք կա, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու համար հարկավոր է ունենալ կայուն կուսակցություններ: Aravot.am-ը Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց, թե Հայաստանում կա՞ նման համակարգ, նա պատասխանեց. «Մենք պետք է ընդունենք, որ այո՛, մենք այլեւս 90-ական թվականներում չենք, հիմա կան արդեն ձեւավորված կուսակցություններ, եւ այդ կուսակցություններն իրենց ընտրազանգվածն ունեն եւ ընտրազանգվածի հետ աշխատելու իրենց փորձը: Այդ գործընթացը շարունակվում է, հուսով եմ՝ տարիներ հետո մենք առավել կայացած քաղաքական դաշտ, կուսակցական կազմակերպություններ կունենանք, որոնք ոչ թե կլինեն մի քանի տասնյակ, այլ կլինեն մի քանի հատ, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հարցին, թե «Բարգավաճ Հայաստանը» անկայուն կուսակցական համակարգի օրինա՞կ չէր, նա պատասխանեց. «Ես այդ կարծիքին չեմ: Ինչ անենք, որ ԲՀԿ-ի մի մասը կուսակցությունից դուրս է եկել, ԲՀԿ-ն որպես կուսակցություն կա, լինելու է եւ իր գործունեությունը ծավալելու է, երկրորդ կարծիք չեմ տեսնում: Ավելին՝ կարծում եմ՝ յուրաքանչյուր պետություն, իշխանություն, կառավարություն ավելի արդյունավետ է գործում, երբ կա ոչ միայն կառուցողական իշխանություն, այլ նաեւ կառուցողական ընդդիմություն: Մենք կառուցողական ընդդիմության կողմնակից ենք, այն ուժերը, որոնք կփորձեն ուսումնասիրել եւ առավել արդյունավետ մոտեցումներ դրսեւորել, դրանք պետք է ողջունել եւ դրանից պետք է օգտվել, որովհետեւ դա հայրենիքի ու երկրի առջեւ ծառացած խնդիրները առավել արդյունավետ լուծելու ճանապարհ է բացում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ