Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը՝ Շաբոյանին. «Հլը ու մի չստուգեիք, վերջին հաշվով աշխատավարձ եք ստանում»

Մարտ 25,2015 14:39

«Ես չեմ տեսնում իմ առջեւ մի մարդ, որը հետեւում է իսկապես հակամրցակցային մթնոլորտին: 2013, 14, 15 թթ-ին ընդհանուր մրցակցային դաշտը ի՞նչ փոփոխության է ենթարկվել հանրապետությունում, ինչպիսի՞ն է որակական եւ քանակական ձեր գնահատականը: Օրինակ, աշխարհում գնահատվում է գլոբալ մրցակցության ինդեքսը: Փորձե՞լ եք այդ ինդեքսին նմանակելով՝ գոնե մի ինդեքս հրապարակեք ՀՀ-ում, որ մենք իմանանք՝ մենք առա՞ջ ենք գնում, թե՞ հետ ենք գնում»,- այսօր ԱԺ-ում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին այսպիսի հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Արտակ Շաբոյանը մինչ այդ ներկայացնում էր հանձնաժողովի 2015-ի գործունեության ծրագրերը:

Հրանտ Բագրատյանը հստակ հարցեր տվեց՝ ի՞նչ ուղղությամբ է շարժվում ՀՀ մրցակցության մթնոլորտը վերջին 5 տարիների ընթացքում, ինչպե՞ս կարող ենք մեկ նախադասությամբ տեղաշարժն արձանագրել: Արտակ Շաբոյանը պատասխանեց. «Եթե կարճ ասեմ՝ այս մի քանի տարիների ընթացքում բոլոր այն խնդիրները, որոնք գտնվել են հանձնաժողովի տեսադաշտում, այդ խնդիրներին լուծում է տրվել: Ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ վերջին տարիների ընթացքում որեւէ տնտեսվարող մեր երկրում չի կարողացել որեւէ հարցով, խնդրով դիմել է ՏՄՊՊՀ-ին, այդ խնդիրը գտնվել է հանձնաժողովի իրավասության շրջանակներում եւ մեր կառույցը հետեւողական չի եղել այդ հարցում: Իմ ձեռքի տակ կան վիճակագրական ցուցանիշներ, վերջին տարիներին պատասխանատվության միջոցներ սահմանող որոշումները, տուգանքները, դրանք մի քանի անգամ ավելացել են նախորդ տարիների համեմատությամբ: Տարեկան մոտ 200 պատասխանատվության որոշում է կայացվում, երբ մինչեւ 2010-ը 25-30 որոշում էր կայացվում: Ինչ վերաբերում է միջազգային ցուցանիշներին, համաձայն Գլոբալ մրցունակության ինդեքսի ցուցանիշներին, 3 ցուցանիշ կար, որ վերաբերում է մրցակցությանը՝ հակամենաշնորհային քաղաքականության ուժեղությունը բնութագրող ցուցանիշը, ներքին շուկաներում մրցակցության ուժգնությունը բնութագրող ցուցանիշը եւ գերիշխող դիրք զբաղեցնողները որքանով են մրցակցությունը խաթարում, վերջին 2-3 տարիներին հրապարակված ցուցանիշներ են, մենք առաջ ենք գնացել: Համեմատության մեջ նայենք՝ բավականին առաջ ենք գնացել: Եթե համեմատենք ԱՊՀ երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի հետ, Արեւելյան Եվրոպայի որոշ երկրների հետ, ապա այդ ցուցանիշներով մենք առջեւում ենք գտնվում»:

Հրանտ Բագրատյանը ուղղեց Շաբոյանին՝ «Գլոբալ մրցակցության ինդեքսով Հայաստանն առաջ չի գնում՝ հետ է գնում: Եթե ես սխալվում եմ, բերեք Գլոբալ մրցակցության ինդեքսը նայեք վերջին 10-20 տարում: Տնտեսությունը կենտրոնանում է: Այստեղ գալիս են ֆինանսների նախարարության ներկայացուցիչները եւ չեն թաքցնում, որ հարկ վճարողների թիվը տարեցտարի պակասում է, բիզնես գրանցողների թիվը պակասում է, 5 տարին մեկ 30 տոկոսով պակասում է տնտեսվարողների թիվը: Ի՞նչ եք արել: Հասկացանք, որ գնացել ստուգել եք, հլը ու մի չստուգեիք, վերջին հաշվով աշխատավարձ եք ստանում»:

Արտակ Շաբոյանը պնդեց, որ Հրանտ Բագրատյանը սխալվում է՝ մենք առաջընթաց ենք ապահովել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031