Այսօր ԱԺ-ում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացնում էր հանձնաժողովի 2015-ի գործունեության ծրագրերը: Նրան ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցեր ուղղեց շաքարավազի եւ բանանի շուկաների մենաշնորհի մասին:
«2015-ի մարտի 2-ին Սերժ Սարգսյանը ձեզ վերանշանակեց ձեր պաշտոնում եւ այդ օրվա դրությամբ Երեւանում շաքարավազն, օրինակ, արժեր 395 դրամ, իսկ մեր հարեւան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ 265 դրամ, այսինքն, ավելի էժան էր Վրաստանում 133 դրամով: Ձեր կարծիքով՝ ի՞նչ կապ ունի այս փաստն այն իրողության հետ, որ Հայաստան ներկրում է շաքարավազ 1 անձ եւ այդ անձը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Ուսումնասիրե՞լ եք, թե ինչ կապ ունի այս փաստը 2014-ի հունվարին Չեխիայի մայրաքաղաքում արած Սերժ Սարգսյանի այն հայտարարության հետ, երբ Արսեն անունով հայը նրան հարցնում է, թե ինչու է շաքարը Հայաստանում մեկ մարդ ներկրում, Սերժ Սարգսյանը պատասխանում է՝ բայց ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում 10 հոգով շաքա՞ր ներկրեն: Այս փաստն ինչպե՞ս եք մեկնաբանում: Հաջորդ փաստը՝ Եվրոպայում՝ Ավստրիայի խանութներում բանանը վաճառում են 500 դրամով, Երեւանում՝ 1300 դրամով: Ի՞նչ կապ ունի այս փաստը մամուլում շրջանառվող այն լուրերի հետ, որ ՀՀ-ում կա բանանի ներկրման մենաշնորհ եւ դրան տիրապետում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Ձեր ղեկավարած մարմինն այս փաստերն ուսումնասիրե՞լ է եւ արե՞լ է համապատասխան հետեւություններ: Առանց Միհրան Պողոսյանի դաբրոյի ոչ մեկը չի կարող Հայաստան բանան ներկրել եւ առանց Սերժ Սարգսյանի դաբրոյի ոչ մեկը չի կարող ՀՀ-ում շաքարավազ ներկրել».- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
Արտակ Շաբոյանը պատասխանեց. «Նախեւառաջ, ձեր հայտարարությունները բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում: Դրանք անիմաստ են եւ անհեթեթ: Իհարկե, մենք ուսումնասիրություններ իրականացրել ենք շաքարավազի շուկայում, բանանի ներկրման ոլորտներում: Այո, կան խոշոր ներկրող ընկերություններ, եւ խնդիրը գտնվում է հանձնաժողովի տեսադաշտում: Մեր կառույցի համար բացարձակապես նշանակություն չունի սեփականատերերի կարգավիճակը: Ես չգիտեմ, թե որ տնտեսվարողի սեփականատերն ով է հանդիսանում, եւ դա մեզ չի հետաքրքրում: Մենք գործ ունենք տնտեսվարողների հետ: Եթե շաքարավազի շուկայում «Ալեքս գրիգ» ընկերությունը նկատի ունեք, ապա «Ալեքս գրիգը» շաքարավազի հումք է ներմուծում եւ տեղում՝ գործարանում արտադրում է շաքարավազ: Երբ շաքարավազի գնագոյացումը համեմատում ենք տեղում արտադրության հետ, ապա տեսնում ենք, որ երկրի ներսում արտադրելն ավելի ձեռնտու է եւ ավելի շահավետ: Եվ որպեսզի երկրորդ ընկերությունը լինի այս ոլորտում, երկրորդն էլ պետք է ներմուծի հումք եւ տեղում արտադրի, իսկ դա արվում է մեծ գործարանում: Գործարանի առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը: Տարվա մեծ ժամանակահատվածում գործարանը չի աշխատում: Երկրորդ գործարանը կառուցելը տնտեսագիտորեն անիմաստ է: Այս պարագայում նպատակահարմար չէ երկրորդ տնտեսվարողի մասնակցությունը: Մուտքի խոչընդոտներ չկան: Եթե ձեռնտու է՝ ցանկացած տնտեսվարող կարող է ներկրել»:
Նա անդրադարձավ նաեւ բանանի շուկային եւ ասաց. «Մեկ անգամ գերիշխող դիրքի չարաշահման համար խոշոր ընկերությանը ենթարկել ենք պատասխանատվության: Խոսքը «Քեթրին գրուպ» ընկերությանն է վերաբերում: Եթե նորից կլինեն չարաշահումներ՝ պատասխանատվության միջոցներ կիրականացնենք»:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ Եվրոպայի կենտրոնում բանանն արժի 500 դրամին համարժեք եվրո. «Եթե դուք ձեր ելույթին հետեւեք կողքից, ընդհանրապես այս ամբիոնից ինչ եք խոսում, դուք այն ժամանակ կիմանայիք, թե անիմաստն ինչ է, անհեթեթն ինչ է: Երբ որ հետեւեք ՀՀ-ում տնտեսության իրավիճակի եւ ձեր հանձնաժողովի գործունեությանը, կիմանայիք՝ անիմաստն ինչ է, անհեթեթն ինչ է: Հիմա որ ձեզ այդտեղ նայում եմ, հասկանում եմ, որ ձեզ նշանակող մարդիկ ընդհանրապես անիմաստ են ու անհեթեթ»:
Այստեղ արդեն Շաբոյանի նյարդերը տեղի տվեցին. «Ձեզ կոչ եմ անում պահպանել էթիկայի կանոնները եւ լինել չափի մեջ: Ես ձեզ կոչ եմ անում խոսել տնտեսագիտության լեզվով, ոչ թե պոպուլիստական հայտարարություններ անել: Դուք ինչ-ոչ թվեր եք հրապարակում, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Խոսում եք շաքարավազի 395 դրամի մասին: «Երեւան սիթի» խանութներում վաճառվում է 365 դրամ՝ մանրածախ գինը»:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը տեղից բղավող Փաշինյանին եւ Շաբոյանին զսպվածության կոչ արեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ