«Շատ հետաքրքիր վերլուծություն է, անհրաժեշտ բանավեճ, բայց համաձայն չեմ կետերի զգալի մասի հետ»,-անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի» նախագծին, այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
ՀՀ առաջին նախագահի այս ուղերձը պարոն Հովհաննիսյանը «խիստ ուշացացած է համարում»: Այնուհետև հիշեցնում այն հանգամանքը, որ ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությանը միայն «Ժառանգություն» խմբակցությունն է դեմ քվեարկել. «Դժվար է հասնել այդ ցանկությանը, հռչակագրի իրացմանը, երբ ՀՀ-ն զիջում է իր ինքնիշխանությունը և մտնում ԵՏՄ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը համամիտ չէ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ուղերձի նախագծում հնչեցրած այն դիտարկմանը, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը դուրս պետք է մնա արտաքին քաղաքականության օրակարգից: Այս առիթով նա հիմնավորեց. «Սա եղել է իր տեսակետը նաև քսան տարի առաջ, որի հետ համաձայն չեմ: Մեր երկիրը պիտի դառնա իրավական սահմանադրական երկիր և եթե չդարձավ, մեր կենսական իրավական շահը չենք կարող իրացնել: Արդարություն կլինի աշխարհում, եթե արդարություն լինի մեր տանը: Եթե ունենանք պետություն և լեգիտիմ իշխանություն, այն ժամանակ միայն կհասնենք դրան: Այդ դեպքում միայն երկու հռչակագրի դրույթները կօգտագործվեն մեր պետական շահի համար և ոչ թե կհակադրվեն մեկը մյուսին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ