Թուրքագետ Գուրգեն Պետրոսյանի դիտարկմամբ, վերջին երկու ամիսներին թուրքական մամուլում հայկական հարցը երրորդական տեղում է:
«Գալիպոլիի ճակատամարտի 100 ամյակին նվիրված միջոցառումները ապրիլի 24-ին նշելու թուրքական իշխանությունների որոշումը թուրք շատ վերլուծաբանների քննադատությանն է արժանացել»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց թուրքագետը:
Նրա խոսքով, ամեն օր ցեղասպանության թեմայով նոր գրքեր են լույս տեսնում, եւ այդ գրքերից տասից մեկն է անաչառ տեղեկատվություն ներկայացնում ցեղասպանության մասին. հիմնականում ցեղասպանությունը ժխտող գրականություն է, որը թարգմանվում է աշխարհի մի շարք լեզուներով:
Անդրադառնալով ապրիլի 23-ին Պոլս պատրիարքարանի կողմից հայկական եկեղեցիներում զանգերը չղողանջելու նախաձեռնությանը, ասաց, որ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ պատրիարքարանը թուրքական իշխանությունների քաղաքականության գոտում է եւ վախի, ժխտման մթնոլորտը իներցիայով շարունակվում է նաեւ հայ համայնքում. «Պատրիարքարանում վերջին ընթացքում խմորումներ կան, հայ համայնքը պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի նկատմամբ համակրանք չունի, նրան մեղադրում է թուրք իշխանությունների հետ համագործակցելու մեջ»:
Կարդացեք նաև
Ըստ թուրքագետի, Պոլսո Պատրիարքարանը տուրք է տալիս թուրքական ավանդույթներին, ու թուրքական իշխանությունները ամեն ինչ անում են, որ պատրիարքի ընտրությունները տեղի ունենան ու կողմ են, որ պատրիարք ընտրվի թուրքամետ Արամ Աթեշյանը:
Անդրադառնալով Թուրքիայում սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ ասաց, որ ազգությամբ հայ տասը թեկնածու. «Չեմ բացառում, որ հայ պատգամավորներ կունենանք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ