Մարտի 21-ին Սանկտ-Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականներին նվիրված հիշատակի երեկո: Միջոցառումը կազմակերպվել էր «Պետերբուրգի հայեր» հասարակական կազմակերպության և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ՝ Ռուսական պետական թանգարանի աջակցությամբ։
Միջոցառմանը ներկա էին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, «Պետերբուրգի հայեր» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Նազարովը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, պետերբուրգահայեր:
Բացման խոսքով հանդես եկավ Ալեքսանդր Նազարովը, ով խոսեց Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականների՝ Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի, Սիամանթոյի և այլոց կյանքի ու ստեղծագործության մասին։
Իր ելույթում Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները` խոսելով դրանց էության ու բովանդակության մասին:
Կարդացեք նաև
Պետերբուրգյան լրագրող և իրավապաշտպան Անտուան Առաքելյանը խոսեց Հայոց ցեղասպանության հետևանքների մասին:
Միջոցառման ընթացքում ընթերցվեցին Հայաստանին նվիրված Սերգեյ Գորոդեցկու բանաստեղծությունը, ինչպես նաև հատվածներ Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի և Սիամանթոյի բանաստեղծություններից։ Հնչեցին հանրաճանաչ կոմպոզիտորների գործերը:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն