«Ամեն տեղ էլ կան այդ վեճերը, պարզապես մեր բանավեճը հրապարակային է: Մեկ-մեկ մենք սխալ բաներ ասում ենք, բայց համարում ենք, որ մենք հաշտ ենք որպես «Ժառանգության» ընտանիք»,-հարցին՝ արդյոք «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանն ու Զարուհի Փոստանջյանը հաշտվե՞լ են, այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հայտարարեց, թե «ներողությունը ես եմ խնդրել բոլորի համար»:
Հիշեցնենք, որ Արմեն Մարտիրոսյան-Զարուհի Փոստանջյան բանավեճը ծնվեց այն բանից հետո, երբ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը հանդիպեցին Սերժ Սարգսյանի հետ՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում: Այս առիթով Զարուհի Փոստանջյանը կարծիք էր հայտնել, թե «Նրանք որպես Բաղրամյանի 26-ի հաճախորդ են գնացել հանդիպման»: Րաֆֆի Հովհաննիսյանը այդ կապակցությամբ ասաց. «Համաձայն չեմ, որ նրանք որպես հաճախորդ են գնացել»:
Րաֆֆի Հովհաննիսյանը միջկուսակցական խնդիրներ պարզաբանելուց բացի՝ տեղեկացրեց նաև առաջիկա ամսվա ընթացքում կուսակցության նախաձեռնած ծրագրերի մասին. «Վաղը երկու օրով մեկնում եմ Փարիզ, որտեղ մասնակցելու եմ արևմտահայոց չորրորդ համագումարին: Մարտի 31-ին Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը հիմնադրման 20-ամյակն է նշում, ապրիլի 2-ին «Ժառանգությունը» հրավիրում է խորհրդաժողով Հայոց ցեղասպանության, Արևմտյան Հայաստանի և թուրքական պատասխանատվության մասին, ապրիլի 21-ին ԳԱԱ-ում տեղի կունենա Ռիչարդ Հովհաննիսյանի՝ Առաջին հանրապետությանը նվիրված չորսհատորյակի երկրորդ հատորի թարգմանության շնորհանդեսը, ապրիլի 25-ին որդուս՝ Կարինի և նրա ընկերոջ՝ Ալեքի հեղինակած 1915 ֆիլմի պրեմիերան կլինի, ապրիլի 26-ին «Ժառանգությունը» կհրավիրի նիստ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ