«Այդ օրը խոհրդակցություն տեղի ունեցավ, և դա պաշտոնական նիստ չէր և այդ նիստը ունակ չէր ինքը որոշում կայացնել և դա մնաց գործադիր կիրառման ոլորտում և եղան մեթոդաբանական սխալներ: Ես ինքս չէի գնա այդ հանդիպմանը»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը այսպես պարզաբանեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Ռուբեն Հակոբյանի և Արմեն Մարտիրոսյանի հանդիպմանը:
Aravot.am-ի հարցին՝ այդ մեթոդաբանական սխալը ու՞մն էր, մանավանդ, որ այդ հանդիպումը սուր քննադատության ենթարկվեց և ինչ-ինչ առումով վնասեց կուսակցության վարկանիշին, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Այդ սխալի պատասխանատուն ես եմ, իսկ վարկանիշային գուշակումներ անելուց առաջ միգուցե արժե հիմնավորումներ փնտրել»:
Պարոն Հովհաննիսյանը մանրամասնեց. «Ես հայտարարում եմ, որ այսուհետ մենք այս ինքնանպատակ խաղերին այլևս չենք մասնակցելու: Այնպես չէ, որ մենք տանը նստել ենք, խավարը անիծել, այլ տվել ենք կոնկրետ առաջարկներ, և դրանք հիմա արդեն արհամարհվելով՝ մտցրել են իմիտացիոն դաշտ: Մեր տեսակետները, առաջարկներն ու պահանջները հստակ են: Ներկա դրությամբ մենք այլևս չպետք է հանդիպենք, որ մեզ նկարահանեն շարանով և ցույց տան, թե ահա այս հանդիպումները եղել են: Ամեն մեկս «Ժառանգությունում» սխալ ենք գործել և մենք այն ուժն ենք, որ վաստակում ենք մեր վստահությունը»:
Այնուհետև հանդիպման որոշման հարցով մանրամասնեց. «Դա միջկուսակցական հանդիպում է եղել, և ինքը ոչ մի պաշտոնական հրավեր չի ստացել: Դա այն ժամանակահատվածում տեղի ունեցավ, երբ ես ինքնաթիռի մեջ էի և վերադարձին տեղեկացա հանդիպման հնարավորության մասին: Իմ առաջարկները արեցի: Ես կարծում եմ, որ լիազորման գերազանցում չի եղել, եղել է ներքին վեճ, որը բաց վեճ է. դա «Ժառանգության» տեսակն է»:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե քանի որ Մեծ պահքն է, ներում է Սերժ Սարգսյանին իր ընտրության գողության համար, ներում է Վեհափառին Աստվածամոր Աստվածաշունչը կեղծ երդման ներկայացնելու համար: Այնուհետև նշեց. «Ուրեմն հերթը նրանց է ՀՀ քաղաքացիներից ներողություն խնդրելու իրենց արժանապատիվ ձևը գտնելու համար»:
Պարոն Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին հրավիրեց «Ժառանգության» գրասենյակ. «Եթե ինքն ուզում է դրանից հետո ինձ հրավիրել ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, սիրով կփոխադարձեմ, բայց մի կարծեք, որ այն հայտնի հանդիպման ընթացքում դեմ առ դեմ չեն բարձրացվել արտահերթ ընտրությունների և լեգիտիմության հարցերը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ