Քիչ առաջ ԱԺ-ն բավականին բուռն եւ թեժ քննարկումներից հետո ընդունեց օրենքի այն նախագիծը, որով նախատեսվում է ԱԺ-ում փորձագետների աշխատանքային խումբ ստեղծել՝ Բյուջետային գրասենյակ: Այն պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին կտրամադրի մասնագիտական աջակցություն եւ տեղեկատվություն:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մինչ քվեարկությունը հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում կողմ քվեարկել մի նախագծի, որը սպասարկելու է ինչ-որ խմբի շահերը, այլապես ստացվում է, որ ԱԺ-ի մյուս վարչությունները պարազիտ մարմիններ են եւ չեն կատարում իրենց վրա դրված գործառույթը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ասաց, որ իրենք, ընդհակառակը կողմ են այդ նախագծին եւ առաջարկեց, որ բյուջետային գրասենյակում ընդգրկվեն բոլոր խմբակցություններից մեկական անդամ:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ափսոսանք հայտնեց, որ այդպես էլ իր գործընկերները խորամուխ չեղան այդ նախագծի մեջ եւ չհասկացան, որ դա լրացուցիչ տեղեկատվություն կապահովի պատգամավորների համար:
Կարդացեք նաև
Գագիկ Ջհանգիրյանն էլ քվեարկողներին հիշեցրեց՝ «Դուք հիմա սահմանադրական այդ իշխանությունների բաժանման եւ վերահսկման տրամաբանության մեջ ներմուծում եք նոր մարմին՝ նոր լիազորություններով, որը հակասահմանադրական է: Ասեք՝ որոշել ենք մի այ սենց մարմին ստեղծել, մի ասեք, որ սա հակասահմանադրական չէ»:
Ի վերջո` նախագիծը դրվեց քվեարկության եւ անցավ՝ 88 կողմ, 20 դեն եւ 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ