Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ասել է քաղաքական ընդդիմություն Ցեղասպանության հարցում. «Հայոց աշխարհ»

Մարտ 25,2015 12:27

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Հռչակագրի ընդունումից հետո շուրջ մեկ ամիս նրա բովանդակության շուրջ տարաբնույթ քննադատությամբ հանդես եկած նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը մարտի 24-ին վերջապես հրապարակեց այն «նոր շրջաբերական ուղերձը», որը հանրապետության նախագահի անունից ինքն առաջարկում էր ուղարկել միջազգային հանրությանը։

Ու քանի որ գործող նախագահը չի ընդունել Հռչակագրին զուգահեռ եւս մեկ ուղերձով հանդես գալու Տեր-Պետրոսյանի առաջարկը, վերջինս որոշել է անձամբ դիմել միջազգային հանրությանը՝ մամուլում տպագրելով իր «այլընտրանքային տարբերակը»։

Այս կապակցությամբ անմիջապես հարց է առաջանում. սկզբունքային առումով ի՞նչ ասել է քաղաքական ընդդիմություն Ցեղասպանության հարցում. մի՞թե հայ ժողովուրդը չունի որեւէ համազգային հիմնախնդիր, որի առաջադրման ու լուծման անհրաժեշտությունը միավորում է մեզ։

«Հանուն Հայաստանի Հանրապետության» վեհաշուք բնաբանով զարդարված Տեր-Պետրոսյանի, մեղմ ասած, թույլ ու խիստ պարզունակ «այլընտրանքային տարբերակը» միայն հիասթափություն կարող է առաջացնել։ Ճիշտն ասած՝ մինչեւ այդ մենք այլ կարծիքի էինք նախկին նախագահի ինտելեկտուալ հնարավորությունների մասին։
Փաստաթուղթն անորակ է այն աստիճան, որ անգամ փետրվարի 17-ին Տեր-Պետրոսյանի հրապարակած բաց նամակում շատ ավելի ռացիոնալ հարցադրումներ կան, քան երեկվա կիսատ-պռատ ուղերձում։ Արտաքուստ այն ավելի շատ խորհրդահայ պատմագիտության «լավագույն ավանդույթները» չհաղթահարած մեր դոկտոր, պրոֆեսորների՝ 1988-ին Կրեմլին հասցեագրված ուղերձներն է հիշեցնում, քան շուրջ 24 տարվա անկախություն ունեցող երկրի ղեկավարներից մեկի դիմումը։

Այդպիսին է ուղերձի առաջին մասը, որը դժվար է նաեւ «պրեամբուլա» անվանել, քանի որ որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին վերաբերող փաստաթուղթ՝ զուրկ է հստակ ու միասնական նպատակից, այսինքն՝ ճանաչում-դատապարտում-հատուցում շղթայի՝ որպես մեկ ամբողջության ընկալումից։

Վերը նշված շղթայից Տեր-Պետրոսյանը փորձել է դուրս թողնել նրա երկու առանցքային դերակատարներին՝ Հայաստանին, որը նրա կարծիքով պետք է հրաժարվի Ցեղասպանության ճանաչման հարցը իր արտաքին քաղաքականության «հիմնաքարը» դարձնելուց եւ Թուրքիային, որի առջեւ, ըստ Տեր-Պետրոսյանի, Հայաստանը ճանաչման ու սեփական պատմության հետ առնչվելու պահանջ չի դնելու։

Ավելին՝ Տեր-Պետրոսյանը առաջարկում է անգամ դիմել եվրոպական երկրների կառավարություններին՝ խնդրելով նրանց, որ վերջիններս Հայոց ցեղասպանության ճանաչումը չդիտեն իբրեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության նախապայման։

Հարց է առաջանում. ուրեմն այդ դեպքում ի՞նչ է մնում անել եվրոպական երկրներին ու միջազգային կառույցներին, որոնցից շատերն արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Պատասխանը պարզ է. Թուրքիային շտապ հրավիրել Եվրամիություն, Դողու Փերինչեքին եւ Յուսուֆ Հալաչօղլուին դարձնել եվրոպական կառույցների ղեկավարներ, որպեսզի նրանցից սովորեն ցեղասպանություն իրականացնելու եւ անպատիժ մնալու քաղաքական տեխնոլոգիաները։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031