Ստամբուլի հայկական եկեղեցում անցած շաբաթ Գալիպոլիի ճակատամարտի զոհերի հիշատակին նվիրված պատարագը, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ, վատ նախադեպ էր:
«Պատարագը երկկողմ զոհերի, ընդհանուր ցավի համատեքստում էր, սա վատ նախադեպ է ու հայ եկեղեցուն Թուրքիայում քաղաքական ինտրիգներում ներքաշելու փորձ»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց թուրքագետը:
Նա դժգոհեց նաեւ Ստամբուլի հայոց պատրիարքության գործունեությունից ու ասաց, որ արեւմտահայերի շահերը գրեթե չի պաշտպանում. «Այդ կառույցը երկար ժամանակ է, ինչ գտնվում է ոչ կազմակերպված վիճակում, քանի որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը երկար ժամանակ է, ինչ հիվանդ է ու պատրիարքական ընտրություններ չեն կատարվում: Պոլսո պատրիարքի ընտրությունները տապալվում են ոչ միայն թուրքական իշխանությունների ջանքերով, այլեւ հենց հայկական համայնքի տարբեր ներկայացուցիչների ու պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի ջանքերով»:
Նա հիշեցրեց, որ Արամ Աթեշյանը վերջերս հայտարարել էր, թե դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը՝ ընտրություններ անցկացնելու հարցով, բայց ներքին գործերի նախարարությունից հայտարարեցին, որ որեւէ դիմում չեն ստացել:
Կարդացեք նաև
Ըստ թուրքագետի, հիմա էլ խոսվում է ապրիլի 24-ից հետո պատրիարքի ընտրություններ կազմակերպելու մասին. «Քանի որ չկա պատրիարք, այդ համայնքը գտնվում է առանց ղեկավարի, օրեցօր խորանում են եղած խնդիրները: Նույնիսկ աթեիստական խորհրդային ժամանակաշրջանում Ստամբուլի պատրիարքության դերը կարեւորված էր, եւ ամեն կերպ նպաստում էին ցեղասպանության տարելիցները նշելուն: Օրինակ` 50-ամյակը կազմակերպված ու մեծ շուքով են նշել: Իսկ ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից Ստամբուլի պատրիարքությունն իրեն դուրս է դրել: Ամենայն հայոց կաթողիկոսի հրահանգով բոլոր Առաքելական եկեղեցիներում ապրիլի 23-ին հարյուր անգամ պետք է ղողանջեն զանգերը, Պոլսահայոց եկեղեցում ու նրա լիազորության տակ գտնվող 42 եկեղեցում դա չի արվելու»:
Պարզաբանումը ընկալելի է, պարզ է, Թուրքիայում ազգայնամոլական Պոլսո հայոց պատրիարքությունը հայ առաքելական եկեղեցու պատասխանատու է թուրքական տարածքում գտնվող հայկական եկեղեցիների ու հայության համար, եւ չպետք է իրենց դուրս դնել այդ միջոցառումների շարքից:
Մեր դիտարկմանը, թե Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից պարզաբանում են, որ Ստամբուլի հայկական եկեղեցում զանգերը չղողանջելու խնդիրն իրենց համար լիովին ընկալելի է
թուրքագետն ասաց. «Պարզ է, որ Թուրքիայում հայկական եկեղեցիների զանգերի ղողանջները որոշակի ազգայնամոլական տրամադրություններ են հարուցում, բայց Պոլսահայոց պատրիարքությունը Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական չորս աթոռներից մեկն է, պատասխանատու է Թուրքիայում գտնվող հայության, հայկական եկեղեցիների համար ու չի կարելի նման կտրուկ ձեւով իրենց դուրս դնել հայերի շահերից: Կարելի էր ոչ բոլոր եկեղեցիներում, բայց անել այնպիսի միջոցառումներ, որոնք համահունչ են ընդհանուր հայության տեսակետին»:
Նա նաեւ նկատեց, որ ապրիլի 24-ին միայն Պոլսո պատրիարքի Փոխանորդ Արամ Աթեշյանն է, որ հրաժարվել է գալ Էջմիածին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ