Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվում է «Բանդա 2-ի»՝ տարադրամի փոխանակման կետերի ու նրանց աշխատակիցների վրա ավազակային հարձակումներ կսատարողների գործով դատական քննությունը, հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Հայկ Կոջոյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը:
«Հայկ Կոջոյանին առաջադրված մեղադրանքի ծավալում ներառված են նաև այն, որ իբրև ավազակային հարձակման ժամանակ Հայկ Կոջոյանը ևս գտնվել է տարադրամի փոխանակման կետում և Կարեն Վարդանյանի կողմից կատարված կրակոցը միջանցիկ ձևով անցել է նրա բազկի միջով և կպել տուժողին: Գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից ակնհայտ դարձավ, որ Հայկ Կոջոյանի արյան գեթ մի կաթիլ առկա չի եղել ինչպես դեպքի վայրում, այնպես էլ տուժողի մարմնի և հագուստների վրա: Այս չափազանց կարևոր հանգամանքն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ Հայկ Կոջոյանը չի գտնվել դեպքի վայրում և այնտեղ հրազենային վնասվածք չի ստացել»,-ասաց Ա. Ֆերոյանը:
Ըստ պաշտպանի, հակառակ մոտեցման պարագայում անհնարին է փամփուշտի ուժգին ելքի հետևանքով հրազենային վնասվածք ունեցող անձի արյունը չթափվեր տուժողի մարմնի և հագուստների վրա կամ դեպքի վայրում:
Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ տուժողի մարմնից հանված գնդակի վրա ևս Հայկ Կոջոյանի արյան հետքեր չեն հայտնաբերվել, ինչը դարձյալ ապացուցում է, որ Հայկ Կոջոյանը դեպքի վայրում չի գտնվել և այնտեղ հրազենային վնասվածք չի ստացել.«Անհնարին է անգամ պատկերացնել նաև այն, որ գնդակը կարող է միջանցիկ ձևով անցնել անձի մարմնի միջով, սակայն չարյունոտվի, իսկ դեպքի վայրում և տուժողի մարմնի ու հագուստի վրա արյուն չթափվի»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում էր դեպքի վայրի զննության արձանագրությանն ու վկաների ցուցմունքներին, պաշտպան Ա.Ֆերոյանն ասաց.«Ակնհայտ է դառնում, որ դեպքի վայրի լուսավորվածությունը թույլ է տվել հստակորեն տարբերակել գույները մեկը մյուսից, հետևաբար, վկա Կարեն Ասլանյանը հեշտությամբ կարող էր տարբերակել ենթադրյալ հանցագործների հագին եղած հագուստների գույները, ինչը բավականին պատկերավոր կերպով նշել էր իր սկզբնական ցուցմունքներում, որ ենթադրյալ հանցագործների հագին ինքը տեսել է սպիտակ գույնի հագուստ: Սակայն նա «անհասկանալիորեն», հետագայում բեկումնավոր կերպով փոխել է իր ցուցմունքները նաև այս հանգամանքի վերաբերյալ` նշելով, որ ինքը ենթադրյալ հանցագործների հագին տեսել է սև գույնի հագուստ»:
Ըստ պաշտպանական կողմի, վարույթն իրականացնող մարմինը գործել է որդեգրված արատավոր սովորությամբ` ոչ թե ապացույցների հիման վրա է որոշվել հանցագործություն կատարած անձը, այլ անհիմն դատողություններով ընտրվել է հանցագործություն կատարած անձը, այնուհետև բոլոր ապացույցները հարմարեցվել են նրան:
Ի դեպ, Aravot.am-ին պաշտպաննն այս կապակցությամբ հայտնեց, որ «բոլոր ապացույցներն ի սկզբանե հարմարեցված են եղել այն անձնավորության հետ ով վաղուց արդեն մեղադրյալ չի համարվում և կալանքից ազատվել է արդարացման հիմքով: Այդ անձնավորության վերաբերյալ ապացույցները այնպես պրոֆեսիոնալ կերպով էին հարմարեցվել, որ դրանց ուսումնասիրությամբ կասկած անգամ չէր կարող առաջանալ, որ հանցագործը նա չի եղել: Նույն դատապարտելի պրոֆեսիոնալիզմով հարմարեցվել են նաև ապացույցները ներկայիս մեղադրյալների մասով և դրա հետևանք է այն, որ նաև Կարեն Ասլանյանը բեկումնավոր կերպով փոխել է իր ցուցմունքները ինչպես ենթադրյալ հանցագործի դիմագծերի մանրակրկիտ նկարագրության մասով, այնպես էլ նրանց հագին եղած հագուստների գույների մասով»:
Ա.Ֆերոյանի դիտարկմամբ, Կարեն Ասլանյանը նշված հանգամանքների վերաբերյալ փոխել է իր ցուցմունքները, քանի որ քննությամբ ապացուցվել էր, որ դեպքի օրը Հայկ Կոջոյանի և Կարեն Վարդանյանի հագին եղել է գորշ գույնի հագուստ. «Եթե Կարեն Ասլանյանը չփոխեր իր ցուցմունքները, ապա այս դեպքում կրկին կհիմնավորվեր հանցագործությունը նրանց կողմից կատարված չլինելու հանգամանքը»:
Երբ ձերբակալվել են մեղադրյալները և վարույթը իրականացնող մարմնի համար արդեն իսկ պարզ է դարձել, որ ֆոտոռոբոտում նկարագրված անձնավորությունը որևէ կերպ չի նույնանում մեղադրյալներից և ոչ մեկի հետ, այդ ժամանակ Կարեն Վարդանյանը շատ անսպասելիորեն վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, որ հանցագործներն էլ երկուսն էլ եղել են դիմակով և ինքը նրանց դեմքը չի տեսել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ