Օրերս 73 տարեկան հասակում սիրտանոթային անբավարարությունից մահացել է Գյումրու ամենակոլորիտային կերպարներից մեկը՝ մսի կոմբինատի նախկին վարորդ Հենրիկ Քյարամյանը, որը հայտնի էր «Սատկած» մականվամբ: Նա նիհար, փոքրամարմին անձնավորություն էր, որի պատճառով էլ կնքվել էր այդ անունը:
Գյումրեցիների բնութագրմամբ, նա այն կերպարներից էր, որը մտերմություն էր անում հանրապետության տարբեր հայացքներ ունեցող քաղաքական դեմքերի, այդ թվում և Գագիկ Ծառուկյանի հետ: Միաժամանակ մտերիմ էր թե՛ գողականների, թե՛ ոստիկանների, թե՛ զինվորականների, թե՛ նկարիչների, երաժիշտների ու մտավորականության ներկայացուցիչներից հատկապես բժիշկների հետ: Այսինքն` այս անձը հարկ եղած դեպքում կարողացել է բոլորին իրար գլխի հավաքել:
Նրա հոգեհանգստին մասնակցած մարդկանց հավաստմամբ, Գյումրու պատմության մեջ թերևս առաջին դեպքն է, երբ միաժամանակ մեռելատանն են գտնվել միմյանց չբարևող Գյումրու ներկա ու նախորդ քաղաքապետերը իրենց թիմակիցներով՝ Վարդան Ղուկասյանն ու Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Գյումրու մանկավարժականի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը և այլք: Մի խոսքով, այս անձնավորությանը բնութագրում են որպես ամենաճանաչվածներից մեկը, նա թեև եղել է լուրջ անձնավորություն, սակայն գյումրեցիների ասելով, այնքան կոլորիտային է, ինչպիսին ասենք Ջղեր Խաչիկը կամ Պոլոզ Մուկուչն են:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Գրել եք գրելու համար: Այդպիսի մարդկանց մասին նյութի հետ արժեր նկարը տեղադրել, մի երկու հիշարժան դեպք պատմել: