Վերջին շրջանում ակտիվ քննարկումներ են գնում տարբեր քաղաքական ուժերի միջեւ՝ նոր ընդդիմադիր ալյանս, նոր քաղաքական դաշինք ստեղծելու շուրջ։ Խոսքն այս դեպքում ավելի շատ արեւմտամետ ուժերի միավորման մասին է, որն ընտրություններից առաջ կկարողանա առանձին պայքար մղել՝ ըստ երեւույթին, թե՛ իշխանությունների, թե՛ հատկապես նրա ռուսամետ, պրոԵՏՄ-ական թեւի դեմ։ Այստեղ, սակայն, մեկ այլ նրբություն էլ կա։ Ասում են՝ այս թեւում իր ակտիվ մասնակցությունն է ունենալու իշխանությունը՝ ի դեմս իր արեւմտյան կողմնորոշման ակտիվ դեմքերի, որպեսզի կարողանան վերահսկողության տակ պահել ապագա դաշինքը։ Նույնը հավանական է նաեւ պրոռուսական թեւում։
Արեւմտյան հայացքներով աչքի ընկնող ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը մեզ հետ զրույցում, ըստ էության, չհերքեց, որ նման քննարկումներ կան, ու դա գաղտնի չէ՝ ընդգծելով, որ այդպիսի քաղաքական դաշինքների ստեղծման գործընթացները հատկապես նպատակային ու ակտուալ են դառնում ընտրությունների շեմին։ Մեր հարցին պատասխանելուց առաջ պարոն Արզումանյանը փորձեց «հստակեցնել» հարցը. «Եթե հարցը կոռեկտ եք տալիս, ապա տվեք այսպես. Կա՞ն, արդյոք, լիբերալ դաշտում հնարավորություններ՝ համախմբվելու եւ հանդես գալու միասնական թիմով։ Անշուշտ, կան, դրան մենք դատապարտված ենք, դա, ցավոք սրտի, վերջին տարիներին չի ստացվել, բայց դա եղել է մշտական քննարկման առաջարկ։ Պետք է մենք մեր ընտրողների ձայները մեկտեղենք եւ ոչ թե ցաքուցրիվ անենք։ Նման գործընթացներ միշտ էլ եղել են»:
Այս պահին նման գործընթաց կա՞։ Արզումանյանն ասաց, որ ակտիվացում կլինի, հավանաբար, ընտրություններից առաջ, քանզի այդպես է մշտապես եղել։ «Բայց որ մենք շարունակում ենք կապերն ուրիշ կուսակցությունների հետ, դա ակնհայտ է։ «Հանրապետություն» կուսակցության հետ շատ ջերմ հարաբերություններ ունենք, Հրանտ Բագրատյանի կուսակցության հետ»,-ասաց նա:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում