Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սառը հայացքով

Մարտ 25,2015 10:11

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագիծը, որը գրել եւ երեկ հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որքան տեսնում եմ, քննարկման առարկա չի դառնում: Թեման, հավանաբար, չափից դուրս վերացական է: Այ, եթե նա մի երկու քաղցր խոսք գրեր նախագահ Սարգսյանի հասցեին, Տեր-Պետրոսյանի կուսակիցները հիացական մեկնաբանություններ կգրեին, ՀՀԿ-ականները կասեին, որ առաջին նախագահի ժամանակը սպառվել է, ՀԱԿ-ականները դրան կպատասխանեին, թե հանրապետականների նման գնահատականները աներկբայորեն վկայում են այն մասին, որ «ռեժիմը խուճապի մեջ է», եւ կստացվեր «նորմալ բանավեճ»:

Իսկ այստեղ բավականին չոր, կարելի է ասել՝ ակադեմիական տեքստ է, որի հիմքում ոչ թե կուսակցական, այլ պետական եւ ազգային մտահոգություններն են: Այս նախագծի եւ պաշտոնական դիրքորոշման մեջ, իհարկե, անդունդ չկա. պարզապես այստեղ արված են կարեւոր շեշտադրումներ, որոնք, ինչպես ցույց է տալիս մեր ժողովրդի պատմական եւ ժամանակակից ընթացքը, ավելի շահավետ են դարձնում մեր դիրքերը: Կարեւորագույնն այստեղ այն է, որ Հայաստան պետության ստանձնած՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման հանձնառությունը դիտվում է «բացառապես մարդու իրավունքների եւ մարդկության դեմ գործված հանցագործության, հետեւաբար պետությունների՝ միջազգային կոնվենցիաներից բխող պարտավորությունների համատեքստում, Ցեղասպանության ճանաչման խնդիրը չի դարձնում իր արտաքին քաղաքականության հիմնաքարը»։

Ինչու է դա, իմ կարծիքով, կարեւոր: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս Հայաստանին թե՛ Թուրքիայի եւ թե՛ բոլոր մնացած երկրների հետ իր քաղաքական հարաբերություններում ղեկավարվել բացառապես տվյալ պահի պետական շահերով եւ խուսափել տարբեր տեսակի ծուղակներից, որոնցից պարզագույնը «Ցեղասպանությունն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողովն» է, որի մասին նույնպես խոսվում է տեքստի մեջ: Մեջբերված կետից բխում են մնացածները, որոնք վերաբերում են Ցյուրիխյան արձանագրություններին եւ Մադրիդյան սկզբունքներին, որոնց նկատմամբ արտահայտվում է ընդհանուր առմամբ դրական վերաբերմունք, որն, ինձ թվում է, ճիշտ է:

Պարզ է, որ Տեր-Պետրոսյանի առաջարկները իշխանության համար անընդունելի են: Բայց նա ճիշտ է վարվել՝ այդ տեքստը հրապարակելով, որովհետեւ «ազգային-ազատագրական» ռոմանտիզմով եւ պոպուլիզմով տարված մեծամասնության կողքին կա նաեւ սթափ մտածող փոքրամասնություն: Երեկ հրապարակված տեքստն ուղղված է Հայաստանում եւ մեր երկրից դուրս ապրող այդ մարդկանց: Ո՞ւր էր թե առաջին նախագահը նույնքան պրագմատիկ եւ սառնասիրտ լիներ ներքին քաղաքական կյանքը գնահատելիս: Այդ դեպքում նա նախեւառաջ կխոստովաներ, որ ԲՀԿ-ի հետ կապված իր «բուրժուադեմոկրատական հեղափոխության» նախագիծը տապալվել է, եւ ընդդիմությունը իզուր 3,5 տարի է կորցրել: Բայց սխալներ խոստովանելը բոլորիս համար է շատ ծանր գործ: Առավել եւս՝ քաղաքական գործիչների:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Ruben says:

    «Հայաստանը Թուրքիայի առջեւ պահանջ չի դնում ճանաչելու Հայոց ցեղասպանությունը եւ առերեսվելու սեփական պատմությանը, դա նույնպես դիտելով վերջինիս ներքին գործը»-ֆսֆսաց քյոխվեն ու ճռռաց՝ «Դիմելով եվրոպական երկրների կառավարություններին, Հայաստանի Հանրապետությունը խնդրում է Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չդիտել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի շուրջ ընթացող բանակցություններում»:
    Պահանջ չդնեք եւ միայն խնդրեք, գնացեք հետ, անցք գտեք, խնդրեք, մտեք…
    «Հայաստանը մեծապես շահագրգռված է Թուրքիայի եվրոինտեգրման, տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում»…Թու:

  2. Հ.Շ. says:

    Իր մռայլ կեանքի ամայի մայրամուտին, ճիշտ ատենին՝ այլեւս մի քիչ լռել գիտնալու տարրական քաղաքավարութիւնը եւ պատշաճութիւնը չունեցող մի մոլորեալ անհատի ցնդաբանութիւններին հարկաւոր չէ պատասխանել:

    Այդ իմաստով նաեւ պէտք է հասկնալ այն… սառը լռութիւնը, որմով Հայութիւնը կը դիմաւորէ այլեւս Լեւոն Տէր-Պետրոսեանի սովորական դարձած զառանցանքները:

    Արդարեւ, ըստ էութեան, անոր խղճալի ելոյթները պարզապէս արժանի չեն պատասխանի, ոչ ալ ուշադրութեան:

    Սակայն, ընդառաջելով այս խմբագրականըի դրդումին, մի բան ասենք, էլի:

    Ամէն անգամ որ ԼՏՊ խօսի կամ գրէ, մի քիչ աւելի լաւ կը հասկանանք թէ, հակառակ «առաջին նախագահը» լինելու աննախընթաց եւ բացառիկ իր դիրքին, նախնական հմայքին եւ բարոյական դրամագլխին, ան իր երկրորդ ընտրութիւնը արդէն կարողացաւ ապահովել միայն հրասայլերի ուժով: Եւ թէ ինչու, քիչ մըն ալ ետք՝ ստիպուեցաւ ամէն բան լքել եւ հեռացալ Հայաստանը ղեկարավերելու որեւէ պաշտօնէ, նուազագոյն հեղինակութենէ: Իրեն համար որքան երանի եւ շահեկան կ’ըլլար որ, տասը տարի յետոյ, նորէն դուրս չգար իր խորշից:

    Նրա խօսքերը լսելով նաեւ կը հասկնանք թէ ինչու էականօրէն անհրաժեշտ դարձաւ որ «Ղարաբաղցիները» ստիպուին ձեռք առնել Հայոց Մայր Հայրենիքի սանձերը, հայոց ճակատագրի ղեկը… Եւ թէ ինչու Հայութեան մասսայական մեծամասնութիւնը, ի մասնաւորի Սփիւռքում, լայն հանդուրժողութիւն կը ցուցաբերէ այդ երկրորդ վարչակարգի նկատմամբ, որմէ սեռած է նաեւ ներկայ իշխանութիւնը: Այս իմաստով, ամէն անգամ որ ԼՏՊ բերանը բանայ, օգտակար կը դառնայ այժմու իշխանութեան:

    1990-ին Հայաստանի Անկախության Հռչակագիրը բառացիօրէն կը հաստատէ անոր հիմունք կազմող «պատասխանատվության գիտակցութիւնը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում»:

    Համայն հայութեան իղձեր, պատմական արդարութեան վերականգնում, եւ առ այդ՝ պատասխանատւութիւն գիտակցութիւն հայ ժողովրդի ճակատագրի առջեւ :

    ԼՏՊ իր իսկ ձեռքով ստորագրած է սոյն Հռչակագիրը:

    Հետեւաբար, ինչպէ՞ս լուրջի առնել անկէ հազիւ մի քանի տարիներ ետք եւ ներկայիս արտայայտած նոյն անձին կարծիքները, որոնց ամենապժգալի եւ ամենաքանդիչ տարբերակներն են որ ան թոյնի պէս կ’ուզէ այժմ սրսկել Հայութեան մէջ, Հարիւրամեակի սեմին, ինքզինք դրժած եւ ինքզինք առ յաւէտ ատող անձի մը տիպական հոգեբանութեամբ:

    Մի պահ, կարող էր որ ԼՏՊ լինէր Հայոց Պատմութեան վեհագոյն, անկիւնադարձային դէմքերէն մին: Այժմ պարզ է թէ ան լինելու է միայն էջի-տակի մի աննշան նոթագրում: Հայ Ազգի գերագոյն ամօթի եւ մեծագոյն յուսախափութեան խորհրդանիշ, միայն:

    Սակայն ան տակաւին հաշուետու է Վերը, մեր անհամար Մարտիրոսներին…

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

    https://www.shoushisummercamp.org/

  3. Արսեն says:

    Լևոնի ուղերձը հայ-հեղափոխական ժողովրդին .. http://www.youtube.com/watch?v=qYr9kIyambE
    Ա. Աբրահամյանի զգացմունքները Լևոնի նկատմամբ.. http://www.youtube.com/watch?v=n22fkU5swvQ
    Դրել՝ Լևոն է վերլուծու…))).. էրնեկ քո հավեսին..)))..

  4. քննարկող says:

    անկախ կողմ կամ դէմ լինելու հանգամանքին, 8-9-եւ 10-րդ յոդւածները իմ կարծիքով ընդհանրապէս չի կարող այդպիսի հռչակագրի մէջ տեղ ունենայ

  5. Hayk says:

    «Ինչ որ ցանես, այն էլ կհնձես»: Լևոն Տեր-Պետրոսյանի մտքերը գնահատելու համար մեր «ֆեյսբույքյան» հասարակությունը զահլա չունի, մյուսներն էլ ոչ կարդում են,ոչ էլ հետաքրքրվում, հոգնել են անդադար նույն քարոզչությունից: Ձեր թերթերով «սնված» ու դաստիարակված հասարակությունը սովորել է միայն սպանություններ, ռազբորկաներ, ատելություն, մուննաթ(ռուսների, Պուտինի հասցեին) քննարկելուն: Բա ինչ էիք ուզում?? Ինչ սովորեցրել եք,ինչ քարոզել եք տարիներ շարունակ, էն էլ քննարկում են: Էլ որտեղից պիտի հասկանան ու քննարկեն խելացի մարդկանց գրածները?!!

  6. Hayk says:

    Г, Абрамян! Почему стерли все мои комменты?

  7. Hayk says:

    Պ. Աբրահամյան, ամեն անգամ, իմ քոմենթը, գրելուցս մի 10 րոպե հետո, անհետանում է: Եվ միայն իմ հարցից ,թե «ուր կորավ», հանկարծ նորից հայտնվում է: Ինչն է պատճառը: Ես պահպանում եմ Ձեր նշած բոլոր կանոնները, հայհոյանք չեմ գրում երբեք(չնայած լավ էլ տպագրում եք ուրիշի հայհոյանքները): Խնդրում եմ ասեք պատճառը:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Հայկ, ո՞ր մեկնաբանությունների մասին է խոսքը: Խնդրում եմ, այստեղ նշեք եւ եթե դրանք վերաբերվում են իմ հոդվածին, կրկնեք: Ենթադրում եմ, որ դրանք դրվում եմ ուշացումով՝ գիշերը մոդերատորները չեն աշխատում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031