Հայաստանի տնտեսությունը այսօր գտնվում է գերլարված վիճակում: Հայաստանը ներգրավել է արտաքին պարտքի հերթական խմբաքանակը՝ 500 միլիոն դոլար, ըստ որում` ոչ այնքան ցածր տոկոսով՝ 7,5 տոկոս: Հայաստան արտասահմանյան, ավելի շուտ ռուսական տրանսֆերտները նվազել են 10 տոկոսով կամ թվային արտահայտությամբ` մոտ 170 միլիոն դոլարով: Նվազել են արտաքին ներդրումները: Հայաստանի տնտեսական քաղաքականությունը շարունակում է միտված լինել խոշոր մի քանի կապիտալիստների, նրանց հարազատ-բարեկամների, մոնոպոլիաների սպասարկմանը, ազատ մրցակցություն ձևավորելու փոխարեն: Այս խնդիրը հայաստանյան քաղաքականության անցուդարձի գլխավոր մոտիվը լինելու փոխարեն մղվել է հետին պան, հիշատակվում է ընդամենը, այսպես ասած, քաղաքական պրոցեսի պատկերազարդման կամ նկարազարդման համար, իսկ բուն պրոցեսը լեցուն է ինչով ասես, միայն ոչ այս հիմնարար հարցերով:
Հայաստանում վարչապետն ու կառավարությունը ժամանակ չպետք է ունենային քաղաքական ընդդիմությունների գրոհներից պաշտպանվելու համար, մինչդեռ եվրոպական ցանկացած երկրի վարչապետ քաղաքականապես միգուցե ավելի անհանգիստ ու անպաշտպան է, քան Հայաստանի վարչապետն իր նախարարներով: Որովհետև եվրոպական երկրներում քաղաքական գործընթացների առանցքում տնտեսությունն է, իսկ Հայաստանում՝ անհասկանալի է, թե ինչը:
Հայացք ձգենք Հայաստանում ընդդիմադիր ներկայացող ուժերի գործունեությանը և փորձենք հասկանալ, թե որն է նրանց օրակարգը, ըստ որում` կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ օրակարգերը: Հայաստանյան քաղաքականության առանձնահատկությունն այն է, որ այդ քաղաքականության օրակարգը թափառող օրակարգ է: Ընդ որում` հաճախ այդ օրակարգի թափառումները կազմակերպում է իշխանությունը, իսկ սեփական հստակ օրակարգ ունեցող և հանրության հետ այդ օրակարգով հարաբերվող ընդդիմադիր ուժի բացակայության պայմաններում գրեթե բոլորը սկսում են թափառել իշխանության նետած օրակարգի հետ մեկտեղ:
Այսօր հայաստանյան քաղաքականության այս իրավիճակի ամենացցուն փուլերից մեկն է, որը հաղթահարվել կարող է միմիայն հստակ օրակարգի ձևավորմամբ և դրան անշեղորեն հետևելու հաստատակամությամբ՝ չընկնելով ինտրիգային քաղաքականության գիրկը: Ընդ որում` նման ուժի առաջնային նշանակությունն ու կարևորությունը կլինի ոչ այնքան օրակարգը ինքնին, որ կներկայացվի, այլ այն, որ կսահմանվի քաղաքական գործունեության նոր մի նշաձող, որն իր հետևից վեր կհանի դաշտը:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում