Երեք տարեկանից «Լեդ Զեփելինով», «Բիթլզով», «Քուինով» տարված, իսկ 7 տարեկանից ջազում «խորացած» Տիգրան Համասյանն այսօր աշխարհին հայտնի ջազային դաշնակահար եւ կոմպոզիտոր է: «Առավոտի» հետ զրույցում 28- ամյա Տիգրան Համասյանն ասաց, որ շուրջ 10 տարի ԱՄՆ-ում բնակվելուց եւ տարբեր երկրներում մենահամերգներ ունենալուց հետո հաստատվել է հայրենիքում:
Հայաստանյան իրականությունում առաջին անգամ նա «Լոյս ի լուսոյ» խորագրով նախագծով Երեւանի պետական կամերային երգչախմբի հետ, ծրագրում՝ հոգեւոր երաժշտություն (Մաշտոցից, Նարեկացուց, Շնորհալիից մինչեւ Կոմիտաս), մարտի 24 ին հանդես եկավ Ազգային օպերային թատրոնում: Տիգրան Համասյանի խոսքերով՝ ջազը իմպրովիզացիոն արվեստի գերագույն աստիճանն է: Գյումրեցի երաժիշտը ոչ միայն վերադարձել է ակունքներին, այլեւ ընտանիք կազմել դարձյալ գյումրեցի մնջախաղաց Էլենա Պետրոսյանի հետ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
24.03.2015