Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օլանդի ու Պուտինի այցին ընդառաջ

Մարտ 25,2015 17:00

Ալիեւը միջազգային պայմանագրերն «արժեք չունեցող թղթի կտոր» է համարում,
իսկ Կիսելյովը փառաբանում է նրան

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ ապրիլի 24-ին եւ 25-ին Երեւան եւ Բաքու այցի ժամանակ՝ հայտնել է եվրոպական հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Արլեմ Դեզիրը։ Ներկայիս ստատուս քվոն չի բխում Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից. «Այդ իսկ պատճառով հանրապետության նախագահը, ցանկանալով աջակցել դիվանագիտական նախաձեռնությունների վերսկսմանը, 2014-ի հոկտեմբերի 27-ին գումարել է գագաթնաժողով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ։ Այդ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջին մարդասիրական քայլի՝ անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակման մասին»,- ասել է Դեզիրը։ Եվրոպական հարցերով Ֆրանսիայի պետքարտուղարի մատուցմամբ` վերջին ամիսների լարվածությունը վկայում է այս սկզբունքների կյանքի կոչման անհրաժեշտությունը, եւ հետեւաբար Ֆրանսիան ակտիվորեն ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ:

Հունվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցում էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որտեղ կոչով դիմեց Թուրքիային` նոր քայլեր ձեռնարկել մեկ դար առաջ տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունների եւ կոտորածների վերաբերյալ «ճշմարտության» հասնելու ուղղությամբ, ինչպես նաեւ նշեց, որ «տաբուները կոտրելու ժամանակն է»: Հենց այդ միջոցառման օրը հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահը ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, ներկա կգտնվի Երեւանում անցկացվող Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին: «Ճշմարտության ուղղությամբ ջանքերը պետք է շարունակվեն, եւ ես համոզված եմ, որ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի տարում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կտեսնենք նոր քայլեր»,- նշել էր այդ օրը Օլանդը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, Հայաստան ժամանի ապրիլի 20-ին մոտ: TASS-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը, որ այդ այցի ժամկետները մշակվում են, լրագրողների համար հաստատել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իսկապես, այցի հարցն օրակարգում է: Այն պատրաստվում եւ քննարկվում է»,- ասել է նա: «Երբ ամսաթիվը որոշվի եւ հաստատվի, մենք այդ մասին կհայտնենք»,- խոստացել է Պեսկովը: Անցյալ շաբաթ Սերժ Սարգսյանը «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովի ժամանակ ելույթում նշել էր, որ Պուտինը, հնարավոր է, Երեւան գա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:

Ստացվում է, որ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան պայմանավորված է ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մասնակցությամբ, այլեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններով: Դա է, հավանաբար, ղարաբաղյան խնդրում վերջին շրջանում Ֆրանսիայի ակտիվության պատճառը, եւ Սարգսյան-Ալիեւ եւս մեկ հանդիպում կազմակերպելու ձգտումը: Սակայն առայժմ չի նշմարվում որեւէ հիմք, որով հնարավոր դառնա Սարգսյան-Ալիեւ հանդիպման կազմակերպումը:

Ինչ վերաբերում է Պուտինի այցին, ապա այն առավելապես ուշագրավ է Սերժ Սարգսյանի՝ վերջերս հնչեցրած գնահատականների ֆոնին` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրի եւ Հայաստանի անհանգստության հետ կապված: Կքննարկվի՞ արդյոք այս հարցը ապրիլին Պուտինի հնարավոր այցի ժամանակ եւ ինչ արձագանքի կարժանանա պաշտոնական Կրեմլի կողմից` դժվար է ասել: Ռուսաստանը «Մոսկվայի բիզնեսից» դժվար թե հրաժարվի Ռուսաստանի համար այս ծանր օրերին` հանուն Հայաստանի հետ «ռազմավարական» հարաբերությունների:

Ի դեպ, ուշագրավ էր օրերս Ստոկհոլմի աշխարհի խնդիրների ուսումնասիրման ինստիտուտի` «Թրենդները սպառազինությունների միջազգային փոխադրումներում-2014» հրապարակած զեկույցը, որում արձանագրվել էր, որ Ադրբեջանը դարձել է սպառազինության հիմնական տեսակների երկրորդ խոշոր ներկրողը Եվրոպայում: Զեկույցում, որտեղ համեմատական վերլուծություն էր արվել աշխարհի մի շարք տարածաշրջաններում 2010-2014թթ. եւ 2005-2009թթ. սպառազինության ներկրման եւ արտահանման տվյալների միջեւ, նշվել էր, որ 2005-2009թթ. համեմատ՝ 2010-14թթ. սպառազինության ներկրման իր 13 տոկոս մատակարարումների մակարդակով Ադրբեջանը Եվրոպայում զբաղեցնում է երկրորդ տեղը: Ընդ որում` 2010-2014թթ., 2005-2009թթ. համեմատ, Ադրբեջանը սպառազինությունների ներկրումն ավելացրել է 249 տոկոսով: Ըստ զեկույցի` Ադրբեջան ներկրված սպառազինությունների 85 տոկոսը գնվել է Ռուսաստանից:

Բացի սպառազինման հարստացմանը զարկ տալուց ու պատերազմ հրահրելուց՝ պաշտոնական Բաքուն արդեն իսկ չի թաքցնում բացահայտ վերաբերմունքը միջազգային իրավունքի ու պայմանագրերի նկատմամբ: Օրեր առաջ Ադրբեջանի նախագահը Նովրուզ բայրամի առթիվ ունեցած ելույթում ասել է, թե` «այսօր աշխարհում միջազգային իրավունքը չի գործում, միջազգային պայմանագրերն ընդամենը որեւէ արժեք չունեցող թղթի կտոր են», ու հավելել. «Ով ուժեղ է, անտեսում է այդ պայմանագրերը: Այսինքն՝ աշխարհում նոր շրջան է սկսվել, եւ մենք պետք է իմանանք դա: Մենք չենք սկսել այդ շրջանը: Մենք մշտապես հենվել ենք միջազգային իրավունքի վրա եւ այդպես էլ կառուցել ենք մեր քաղաքականությունը: Մենք հարց էինք բարձրացնում՝ ինչո՞ւ չեն իրականացվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արձանագրությունները: Այնտեղ պարզ գրված է, որ ադրբեջանական տարածքները պետք է անվերապահորեն եւ անհապաղ ազատվեն օկուպացիայից: Այսինքն՝ միջազգային իրավունքը ընդամենը գործիք է հզոր պետությունների ձեռքում՝ թույլ պետություններին որեւէ բան պարտադրելու համար:

Սակայն իրենց համար միջազգային իրավունքը ոչինչ է: Մենք տեսնում ենք դա, բոլորն են դա տեսնում: Մենք դրա ականատեսն ենք աշխարհի բոլոր անկյուններում. ով ուժեղ է, նա էլ ճիշտ է: Ինչի՞ մասին է դա վկայում. նրա, որ հարկավոր է ուժեղ լինել»:
Երբ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը ահազանգում է ղարաբաղյան շփման գծում լարվածության աճի մասին, ինչպես նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների անմխիթար վիճակի ու Ալիեւի ռեժիմի բռնատիրական բնույթի մասին` ռուսական կողմը շարունակում է սիրաշահել Ալիեւին: «Գրիբոյեդով» ակումբի հիմնադիր Կիսելյովը, որն ամեն ամիս Հայաստան է ժամանում, «Վեստնիկ Կավկազա» պարբերականին տված հարցազրույցում հիացած խոսել է Ադրբեջանի ու այդ երկրի նախագահի ձեռքբերումների մասին:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին արտահայտվելով` «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր տնօրեն Կիսելյովն ասել է. «Ես ունեմ Եվրոպական խաղերի հրավիրատոմս, եւ ես վերջերս նույնիսկ եղել եմ Ադրբեջանում, որտեղ տեսել եմ մրցույթի նախապատրաստական աշխատանքների մասշտաբները, եւ ինձ մոտ ամենաջերմ զգացմունքներն են մնացել: Անկեղծ ասած՝ ես հիացած եմ Ադրբեջանի ցույց տված զարգացումից եւ այն ընկերական մթնոլորտից, որ կա հանրապետությունում: Իմ կնոջ՝ Մաշայի մոտ նույնպես ջերմ զգացմունքներ են մնացել: Ցավոք, մենք միայն Բաքվում ենք եղել, սակայն Ադրբեջանի մայրաքաղաքը ավելի տպավորիչ է, քան եվրոպականները: Ես կարծում եմ, որ այս խաղերը Ադրբեջանին աշխարհի քարտեզում դնում են մի այնպիսի աճող կետի վրա, որը շատ հաճելի է»: Վերջինիս խոսքերով՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները ապագայում ոչ միայն մեծ հեռանկար ունեն, այլեւ «մեծ ներկա», եւ Կիսելյովը դրա գլխավոր դերակատար է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին. «Նա իր խոսքը միշտ պահում է: Մեր օրերում նույնիսկ մեծ երկրների ղեկավարները չունեն այդ որակը, իսկ Ալիեւը ցույց է տալիս այն, ինչից կարող են շատերը սովորել: Ես կարծում եմ, որ դա նախանշում է Պուտինի եւ Ալիեւի ընկերական եւ հավատարիմ հարաբերությունների բնույթը: Նրանք երկուսն էլ գիտեն, որ կարող են միշտ հույս դնել միմյանց վրա փոխադարձ պարտավորությունների ըմբռնման եւ կատարման առումով: Ալիեւի կարծրությունը եւ, ես կասեի, աշխարհը Ադրբեջանում պահելու ռազմավարական խելամտությունը ապահովում են շատ լավ հեռանկարներ այդ երկրի եւ ազգի համար»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Էմմա ջան, հիմա Դուք էլ Ձեր թերթի հետ միասին չեք սիրում Ռուսաստանն ու Պուտինին: Դա հո չի նշանակում, թե ամբողջ հայ ազգը Ձեր կարծիքին է, չէ?? Ինչ է, Կիսելյովն իրավունք չունի Ադրբեջան գնալու ու իր կածիքն արտահայտելու?? Էլ ուրիշ ոչ մի լրագրող չի գնում Ադրբեջան?? Բա Դուք ոնց եք օրը 25 ժամ «քլընգում» Պուտինին?? Ռուսաստանն աշխարհի ամենամեծ պետությունն է ու գործ ունի բոլորի հետ: Ձեզանից պիտի թույլտվություն հարցներ Կիսելյովը?? Ա՛յ, իսկ Օլանդի նաև Ադրբեջան մեկնելը հենց նո՛ւյն ժամանակ, ահագին արժեզրկում է այցի կարևորությունը, ինչն էլ Դուք անհաջող փորձել եք «սվաղել» հոդվածում))))): Իսկ Պուտինի գալն , անձամբ ինձ շատ անհագստացնում է, ես կգերադասեի, որ չգար, ինչ-որ շատ են ինքնաթիռներն անհետանում ու կործանվում,շատ խառը ժամանակներ են: Մանավանդ Ադրբեջանի կողմից մեր ինքնաթիռը խփելուց հետո:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031