Փետրվարի 12-ին, երբ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում հրապարակայնացրեց իր հայտնի վերլուծությունը` նվիրված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, շատերն էին համոզված, որ Ծառուկյանն «արժանի հակահարված» կտա: Երբ հաջորդ օրը` ամսի 13-ին, ԲՀԿ կենտրոնական գրասենյակում` «կանյաչնիում», տեղի ունեցավ եռյակի առաջնորդների հավաքը, թե՛ եռյակի ուժերի ներկայացուցիչները, թե՛ լրագրողները, թե՛ հատկապես հանրությունը հակաքայլերի էին սպասում: Սակայն զարմանքը չափ ու սահման չուներ, երբ հայտարարվեց, որ եռյակն Ազատության հրապարակում ամսի 20-ին հրատապ հանրահավաք հրավիրելու համար դիմել է քաղաքապետարանին:
«Առավոտի» տեղեկություններով՝ այդ հավաքի ժամանակ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է, որ հենց հաջորդ օրը` ամսի 14-ին, եռյակի ուժերն Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնեն: Սակայն ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի համաձայնվել: Հրատապ ու չհավասարակշռված քայլերի կարիք չկա` ասել է նա ու պնդել, որ եռյակի հանրահավաքը պարտադիր պետք է արտոնված լինի: ՀԱԿ-ի մեր աղբյուրները, սակայն, հավաստիացնում են, որ Գագիկ Ծառուկյանը չի պնդել ամսի 14-ին անպայման հանրահավաք անելու իր առաջարկը: Նա առաջարկել է «կեսբերան» ու շատ արագ համաձայնել Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքի հետ:
Հանրահավաքի օրվա հետ կապված երկար քննարկում է եղել: Գագիկ Ծառուկյանն առաջարկել է, որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ բանակցեն: Վերջինս ամսի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրավունք էր ստացել: ՀԱԿ-ականները չեն համաձայնել` պնդելով, որ չարժե գործարքի մեջ մտնել ոչ կայուն, փոփոխական բնավորությամբ Պարույր Հայրիկյանի հետ, ով կարող է նաեւ իշխանության հետ գործարքի գնալ ու տարբեր փորձանքներ բերել իրենց գլխին: Ի վերջո, որոշվել է ամսի 20-ը՝ իբրեւ նորանկախ Հայաստանի արդարության ու ազատության պայքարը խորհրդանշող օր: Այս անգամ, ցավոք, ամսի 20-ի խորհուրդը չծառայեց նպատակին` իշխանության հետ ընդդիմադիրների համաձայնություններն ավելի շուտ կայացան:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը նաեւ առաջարկել է, որ Սերժ Սարգսյանի ելույթին իբրեւ հակաքայլ եռյակի անունից հայտարարություն տարածվի: ՀԱԿ-ի ու «Ժառանգության» ղեկավարները հրաժարվել են: Հանդիպմանը մասնակցած ՀԱԿ-ի ներկայացուցիչները մեզ հետ զրույցում, սակայն, հերքեցին` ասելով, որ նման առաջարկ չի հնչել:
Կարդացեք նաև
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.03.2015