Լրահոս
Օրվա լրահոսը

Դիալիզ ստանալու համար վաղ առավոտյան ժամը 5-ին Վայքից Երեւան են ճամփա ընկնում

Մարտ 25,2015 15:30

Երիկամային անբավարարություն ունեցող հիվանդները շաբաթը
3 անգամ տանջանքների գնով գնում են մայրաքաղաք՝ գալիս

Արդեն 3 տարի է՝ Խաչատուր Խաչատրյանը գալիս է Երեւան՝ դիալիզ ստանալու:
Որպեսզի առավոտյան ժամը 8-ին հիվանդանոցում լինի, Վայոց ձորի սահմանամերձ Բարձրունի գյուղում ապրող Խաչատուրը տանից դուրս է գալիս վաղ առավոտյան՝ 4-ից 15 պակաս: Այդպես երեք տարի, շաբաթը երեք անգամ Խաչատուր Խաչատրյանը 150 կիլոմետր կտրում է ու Վայքից հասնում Երեւան:

Խաչատուրը պատմում է, որ 4 ժամ դիալիզից հետո իրեն շատ վատ է զգում. մի քանի ժամ սրտխառնոց, թուլություն է ունենում եւ ի վիճակի չի լինում միանգամից ճանապարհ ընկնելու: Սակայն ստիպված է նույն օրը վերադառնալ, քանի որ մայրաքաղաքում մնալու տեղ չունի: Խաչատուրի պես այս մարզում մեկ տասնյակից ավելի մարդիկ կան, որոնք դիալիզի են ենթարկվում: Նրանք էլ օրումեջ մեծ գումարներ ծախսելով՝ հասնում են մայրաքաղաք. չգալ չեն կարող, կյանքի հարց է: Դիալիզը փոխարինում է երիկամների աշխատանքին: Դիալիզ ստանում են, երբ երիկամներն այլեւս չեն կատարում իրենց գործառույթը, եւ երակին միացված սարքը երիկամի փոխարեն մաքրում է արյունը թունավոր նյութերից:

Երիկամների խնդիրը Խաչատուրին մնացել է արցախյան պատերազմից, վիճակն ավելի է բարդացել, երբ պատերազմից հետո էլ զինվորական ծառայության է անցել:
Խաչատուրը որդիներին ամիսներով չի տեսնում. նրանք ամեն տարի արտագնա աշխատանքի են մեկնում՝ հոր կյանքը երկարացնելու: Մեզ հետ զրույցում Խաչատուրը պատմում է, որ որդիների ուղարկած գումարով է կարողանում շաբաթական երեք օր Երեւան հասնել, դիալիզը ստանալ ու կրկին վերադառնալ հայրենի գյուղ: Խաչատուրն իրեն մեղավոր է զգում, որ իր պատճառով որդիները չեն կարողանում ամուսնանալ, ընտանիք կազմել:

Արդեն երկու տարի է՝ Վայքի ճանապարհներին է նաեւ երկու պատերազմների բովով անցած Եղեգնաձորի Գլաձոր գյուղի բնակիչ Արսեն Գալստյանը: Նա էլ շաբաթը երեք անգամ առավոտյան ժամը 5-ին տանից դուրս է գալիս, որ հասնի Երեւան՝ հերթական դիալիզը ստանալու: Աֆղանստանի եւ Արցախի պատերազմներին մասնակցած ու առողջությունը կորցրած այս մարդն ընդամենը 38 հազար դրամ թոշակով է ապրում, ինչը քիչ է նույնիսկ ճանապարհածախսի համար: Էլ չենք ասում, որ դիալիզի ենթարկվող հիվանդը պետք է դիետիկ սննդակարգ ունենա, որը նույնպես թանկ է նստում:
Արսենի որդին ծառայում է բանակում, երկու աղջիկներն ու կինն էլ ընտանիքի հոր խնամքով են զբաղվում, հող մշակում, քանի որ, ինչպես Արսեն Գալստյանն է ասում՝ դիալիզ ստացող հիվանդի առողջությունը չի ներում, որպեսզի ֆիզիկական աշխատանքով զբաղվի: Իսկ շաբաթը մի քանի անգամ գնալ-գալը ոչ միայն նյութական վնասներ է պատճառում, այլեւ ֆիզիկական:

Դիալիզի օգնությամբ է ապրում նաեւ Վայոց ձորի բնակիչ Թաթուլ Մալխասյանը: Նրա ճանապարհածախսը կրկնակի է, քանի որ վատառողջ լինելու պատճառով Թաթուլ Մալխասյանն ի վիճակի չէ այդքան ճանապարհը միայնակ գնալ-գալ: Դիալիզի համար Երեւան գալիս նրան հարազատներից ինչ-որ մեկը պարտադիր, ուղեկցում է, որպեսզի Թաթուլին օգնի:

Ամեն անգամ մայրաքաղաք գալ-գնալու համար Թաթուլը ծախսում է վեց հազար դրամ՝ գումարած ճանապարհի տանջանքները: Հաշմանդամության համար տրվող 41 հազար դրամ թոշակը Թաթուլի ճանապարհածախսին անգամ չի հերիքում, բայց դրանից բացի դիալիզի ենթարկվող մարդուն անհրաժեշտ է հատուկ սնունդ գնել, դեղեր ընդունել եւ այլն:
Երիկամային հիվանդություն ունեցող այս մարդկանց առանց այն էլ լուրջ խնդիրը երկար ճանապարհի ու ծախսերի պատճառով էլ ավելի է բարդանում: Չնայած այսքան թվով հիվանդներին՝ Վայոց ձորի մարզի ոչ մի բուժհիմնարկում դիալիզի սարքավորում չկա: Ավելի ճիշտ՝ կա, սակայն սարքի հիմնական բաղադրիչը՝ ջրի մաքրման սարքը, բացակայում է: Առանց այդ սարքի ապարատը չի կարող սպասարկել: Մինչդեռ զարգացած երկրներում այս ծառայությունն այնքան մոտեցրած է բնակչին, որ անգամ տանը կարելի է դիալիզի ենթարկվել:

Գրեթե ամեն տարի դիալիզ ստացող Վայքի տարածաշրջանի բնակիչները բարձրացնում են այս խնդիրը, սակայն մարդկանց կյանքը փրկող սարքավորումը ձեռք բերելու համար բյուջեում այդպես էլ գումարներ չեն գտնվում:

Որոշ մարդիկ նույնիսկ իրենց բնակարանն են վաճառել եւ տեղափոխվել մայրաքաղաք: Նրանք այդ գումարով այսօր Երեւանում վարձով են բնակվում, որպեսզի ընտանիքի անդամը դիալիզը ստանալուց հետո, որը մի քանի ժամ տեւողությամբ պրոցեդուրա է, կրկին տանջանքների չենթարկվի՝ մարզ հասնելու համար:

«Հեմոդիալիզի սարքավորումներ ունենք Արմավիրում, Գավառում, Գյումրիի երկու բուժկենտրոններում, Կապանի հիվանդանոցում, Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, Վանաձորի հիվանդանոցում: Այսինքն՝ 6 մարզի 7 կազմակերպություններում»,- «Առավոտի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:

Մեր այն հարցին, թե Վայքի հիվանդանոցում դիալիզի սարքավորումը կա, հնարավոր չէ՞ պակաս մասերը լրացնել եւ այն գործարկել, որպեսզի մարդիկ այդքան ճանապարհ չկտրեն եւ տեղում կարողանան դիալիզի ենթարկվել, տիկին Վարդանյանն ասաց, որ նախարարության մասնագետները ուսումնասիրել են եւ եզրակացություն հայտնել, որ Վայքի հիվանդանոցի դիալիզի ապարատը, որը նրանք նվեր են ստացել առանց ջրի մաքրման ապարատի, հին է, որակյալ չէ եւ նպատակահարմար չէ այդ ապարատով բժշկական օգնություն ցուցաբերել:

Տիկին Վարդանյանի խոսքերով՝ այդպիսի սարքով հիվանդանոցը չի կարող լիցենզիա ստանալ դիալիզ անելու համար. «Ցանկալի է, որ գտնեն ավելի ժամանակակից սարքավորումներ, որոնք ավելի որակյալ կլինեն եւ բուժօգնություն կտրամադրեն այդ պրոցեդուրայից հետո ավելի քիչ կողմնակի ազդեցությամբ: Հիվանդների կյանքի որակի եւ տեւողության երկարացման խնդիր է: Եթե տասը տարի առաջ հեմոդիալիզ ստացող հիվանդների կյանքը 5 տարի էր երկարացվում, ապա այսօր որակյալ սարքավորումների շնորհիվ 15 տարի մարդը հանգիստ ապրում է»:

Նշենք, որ դիալիզի ապարատի ամենակարեւոր բաղադրիչը ջրի մաքրման սարքն է, որը, կախված թարմությունից, 15-20 հազար եվրոյից մինչեւ 40 հազար եվրո արժե:
Այն հարցին էլ, թե առողջապահության նախարարությունը չի՞ կարող աջակցել սարքը ձեռք բերելու հարցում, Ծաղիկ Վարդանյանն ասաց, որ ներկա պահին մարդասիրական ճանապարհով ստացվող սարքավորումների բազայում չկա դիալիզի սարքավորում, ոչ էլ ջրի մաքրման ապարատ: Նրա խոսքերով՝ Վայքի բուժհիմնարկները փակ բաժնետիրական ընկերություններ են, որոնց 100 տոկոս բաժնետերը մարզպետն է. «Վայքի այդ բուժհիմնարկները շահույթ հետապնդող կազմակերպություններ են, որոնք կարող են լիզինգով կամ վարձակալության տարբերակով ձեռք բերել այդ սարքավորումները: Դիալիզ ստանալը անվճար է, եւ պետությունը փոխհատուցելու է այդ մարդկանց համար:
Բուժկազմակերպությունը պետք է ինքը նախաձեռնի, իսկ նախարարությունը կարող է աջակցել բուժանձնակազմի՝ պետպատվերի շրջանակներում վերապատրաստման հարցում, մասնագետ ուղարկել: Հորդորում ենք գտնել ֆինանսական աղբյուրներ, անգամ պատրաստ ենք նրանց հետ հավասար փնտրել, գտնել տվյալ ապարատները ներմուծող կազմակերպությունների, որոնց հետ, սակայն, բուժհիմնարկները պետք է պայմանագրային փոխհարաբերություններ ունենան»:

Տիկին Վարդանյանն ասաց, որ նախարարությունը կտրամադրի անպայման, եթե մոտ ժամանակներս հումանիտար օգնությամբ ստանան այդպիսի սարքավորում, սակայն այս պահին չունեն:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031