Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինտելեկտուալ օժանդակություն»՝ գողությանը

Մարտ 25,2015 14:30

2014 թվականի հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում դատավոր Վահագն Մելիքյանը հրապարակել է Վիտալի Աբրահամյանի քրեական գործով դատավճիռը:

Դատական նիստերն անցկացվել են դռնփակ:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալը: Բողոքի քննությունը շարունակվում է:

Դատարանն ամբաստանյալ Վիտալի Աբրահամյանի կալանավորումը թողել է անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Իսկ նրան դատապարտել է ազատազրկման 6 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Ըստ գործի նյութերի, Վիտալի Աբրահամյանը 2014 թվականի հունվարի 7-8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ Սարգիս Անտոնյանին տեղեկատվություն է տրամադրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի բնակիչ Բ. Բալյանի առանձնատանն արժեքավոր իրերի, գումարի, ոսկյա զարդերի առկայության, առանձնատանը բնակվող բնակիչների՝ ՀՀ-ից բացակայելու եւ ՌԴ-ում գտնվելու մասին:
Մեղադրական եզրակացության համաձայն, նա Սարգիս Անտոնյանին ցույց է տվել նշյալ առանձնատունը եւ առաջարկել գողություն կատարել: Ամբաստանյալը հրաժարվել է նախապես պլանավորված գողությանը մասնակցելուց` պատճառաբանելով, թե կինը հիվանդ է: Նրա իսկ «ինտելեկտուալ օժանդակությամբ» Սարգիս Անտոնյանը, նախնական համաձայնության գալով նույն գյուղի բնակիչ Գրիգոր Ղլիջյանի հետ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղում գտնվող նույն գյուղի բնակիչ Վարդան Բալյանի հոր՝ Բորիս Բալյանին պատկանող առանձնատնից գողություն կատարելու համար 2014 թվականի հունվարի 16-ի լույս 17-ի գիշերը Գրիգոր Ղլիջյանին պատկանող «Վազ 2121» Նիվա մակնիշի ավտոմեքենայով Մովսեսից գնացել են Վ. Բալյանի հայրական տուն: Գողերը կացնով կոտրել են առանձնատան մուտքի դռան փականը եւ ապօրինի մուտք գործելով առանձնատուն, այնտեղից գաղտնի հափշտակել են զգալի չափերի հասնող՝ ընդհանուր 111.540 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի ապրանքներ:

Ի դեպ, Վիտալի Աբրահամյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Ըստ ամբաստանյալի ցուցմունքի, Բ. Բալյանն ու կինն իրեն հարազատի նման են ընդունել, սննդով, հագուստով եւ նյութապես աջակցել են, նաեւ այն ժամանակ, երբ ինքը պատիժ է կրելիս եղել: Ինքն իմացել է, որ Բալյանները համեստ կարողության տեր են եւ ապրում են միայն կենսաթոշակով: Ըստ գործի նյութերի. «Երբ դուրս է եկել ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից, 2013թ. հոկտեմբերին մեկ անգամ գնացել է նրանց բնակարան, որտեղ նրանք իրեն հարազատի նման հյուրասիրել են, խորհուրդ տվել, որպեսզի ինքն ամուսնանա, ընտանիք կազմի եւ ապրի նորմալ կյանքով: Հեռանալու պահին Բորիս Բալյանն իրեն 5.000 ՀՀ դրամ գումար է տվել: Ինքն էլ նրանց ասել է, որ երբ ամուսնանա, նրանց անպայման կհրավիրի իր հարսանյաց հանդեսին»: Ամուսնացել է, բայց քանի որ հարսանիք չեն արել, նրանց չի հրավիրել, ամաչել է եւ նրանցից որեւէ տեղեկություն չի ունեցել:

Ամբաստանյալը հայտնել էր, որ Սարգիս Անտոնյանին «Կոշ» քրեակատարողական հիմնարկից չի հիշել: 2014թ. հունվարի սկզբներին պատահական հանդիպել են, Սարգիս Անտոնյանն է իրեն հիշեցրել միասին պատիժ կրելու մասին:

Հունվարի կեսերին, ամբաստանյալը գործի բերումով գնացել է Անտառամեջ, ապա՝ Բ. Բալյանի տան մոտ: Ավտոմեքենայից տեսնելով, որ դուռը փակ է, հետ են գնացել:
Տուժող Վ. Բալյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ հոր` Բ. Բալյանի առանձնատունը 2013թ. նոյեմբերի 1-ից գտնվում է իր եւ իր ընտանիքի անդամների հսկողության տակ, քանի որ նրանք բացակայել են հանրապետությունից:
Ըստ տուժողի՝ 2014թ. հունվարի 17-ին դուստրը դպրոցից տուն վերադառնալիս տեսել է, որ իր հայրական տան դուռը գտնվում է բաց վիճակում: Զանգել էր իրեն: «Անմիջապես մտել է առանձնատուն եւ տեսել, որ սենյակները թափթփված վիճակում են: Առանձնատնից տարբեր տեսակի իրեր են բացակայել, հասկացել է, որ գողություն է կատարվել: Այդ մասին հայտնել է ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցներին: Ներկայումս գողացված իրերը հայտնաբերվել են եւ գտնվում են իր մոտ»,- ասել էր տուժողը:
Ամբաստանյալ Սարգիս Անտոնյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Վիտալի Աբրահամյանն իրեն տեղեկություն չի տրամադրել Բալյանների բնակարանում գումարի, արժեքավոր ապրանքների առկայության եւ բնակարանատերերի՝ ՌԴ-ում գտնվելու հանգամանքների մասին եւ ինքը մտածել է, որ Վիտալի Աբրահամյանն է իր եւ Գրիգոր Ղլիջյանի կողմից կատարված գողության մասին հայտնել ոստիկաններին, այդ պատճառով էլ նախաքննության ընթացքում ցուցմունքներով հայտնել է, որ Վիտալին է իրեն օժանդակել Բալյանների բնակարանից գողություն կատարելիս: Գրիգոր Ղլիջյանին եւս չի հայտնել, որ գնալու են գողություն կատարելու, խաբել ու ասել է, թե իբր գնում են իր բարեկամի բնակարանից ինչ-որ ապրանքներ բերելու:

Ամբաստանյալ Գրիգոր Ղլիջյանը ցուցմունք էր տվել այն մասին, թե ինքը չի իմացել, որ գողություն են կատարել, Սարգիս Անտոնյանն իրեն Վիտալիի մասին ոչինչ չի ասել, խնդրել է գնալ Անտառամեջ գյուղ եւ իր ծանոթների բնակարանից ինչ-որ առարկաներ բերել: Իր ավտոմեքենայով 2014 թվականի հունվարի 16-ին գնացել են Անտառամեջ գյուղ: Ավտոմեքենայի անվադողը վնասվել է գյուղամիջյան ճանապարհին, ինքը սկսել է վերանորոգել ավտոմեքենան, իսկ Սարգիս Անտոնյանը գնացել է իր բարեկամի տուն եւ հետո վերադարձել ինչ-որ պայուսակներ ձեռքին:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
24.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031