Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը պետք է գնար Աստանա եւ կռիվ տար Պուտինի, Լուկաշենկոյի, Նազարբաեւի հետ»

Մարտ 25,2015 16:30

Լեւոն Զուրաբյանը` եռյակի վերակենդանացման
եւ Հայաստանի եվրոպական հեռանկարի մասին

«Եկեք հստակ արձանագրենք, որ մի բան է ֆրազեոլոգիան, մի բան՝ իրական բովանդակությունը: Հռչակագրերը չեն որոշում ընդդիմություն լինել կամ չլինելը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե խորհրդարանի այսօրվա նիստում ԲՀԿ-ն իրեն հռչակեց ընդդիմություն. հնարավորություն տեսնո՞ւմ եք առաջիկայում եռյակի ֆորմատի՝ ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», վերագործարկման համար:

«Օրինակ՝ նույն ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն չէր հռչակում, բայց վերջին տարվա մեջ ինքը լրիվ ընդդիմադիր էր եւ շատ մեծ գործ արեց՝ ընդդիմադիր գործն առաջ տանելու համար»,- ասաց Լեւոն Զուրաբյանը՝ հնարավոր համագործակցությունների առումով էլ հավելելով. «Լինենք իրատես. ԲՀԿ-ն այսօր եւ ԲՀԿ-ն երկու-երեք ամիս առաջ՝ դրանք շատ տարբեր քաղաքական ուժեր են՝ անհամեմատելի՝ ռեսուրսների առումով, անհամեմատելի՝ վճռականության առումով: Բայց ես չեմ կարծում, որ համագործակցելու մասին պետք չէ մտածել: Ավելին, ի վերջո՝ եկեք չմոռանանք, որ եռյակի միասնականության եւ միասնական օրակարգի առանցքային պահանջներ գոյություն ունեին: Օրինակի համար՝ Սահմանադրության դեմ այս ոտնձգության եւ Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վերարտագրման ծրագրի մերժումը: Եռյակը ձեւավորվեց հիմնականում այդ օրակարգի հիման վրա: Հետո արդեն նաեւ եռյակինը դարձավ արտահերթ նախագահական ընտրություններով իշխանափոխություն պարտադրելը»: Եթե այս դիրքորոշումները պահպանվում են, ՀԱԿ-ը համագործակցության համար որեւէ խնդիր չի տեսնում:

– Եռյակի նախկին ներկայացուցիչներից եւ «Ժառանգության», եւ ԲՀԿ-ի անդամները սահմանադրական բարեփոխումների հարցի շուրջ քննարկումների գնացին Սերժ Սարգսյանի մոտ, թեպետ հանդիպումից հետո բոլորն էլ պնդում են, որ գործարքի չեն գնացել, այլ սեփական մոտեցումներն են ամրագրել, այդ հարցի շուրջ իրենց նախկին օրակարգն են վերահաստատել: Անկե՞ղծ են, ըստ Ձեզ, այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

– Ես առիթ ունեցել եմ ասելու, որ այդ հանդիպումները լավ նշան չէին: Իմ կարծիքով՝ ընդհանրապես պետք չէր հանդիպել: Եթե իրենք, այնուամենայնիվ, չնայած այդ հանդիպմանը՝ պահպանել են իրենց դիրքորոշումը, ուրեմն համագործակցությունը հնարավոր է: Ճիշտ է, պետք էր հասկանալ մեկ պարզ բան՝ Սերժ Սարգսյանն այդ հանդիպումները կազմակերպում էր մեկ նպատակով՝ միջազգային եւ մեր հանրությանը ներկայացնելու համար, թե տեղի է ունեցել, այսպես կոչված, լայն կոնսոլիդացիա, որն իրեն անհրաժեշտ էր սահմանադրական փոփոխությունների մյուս քայլն անելու համար: Ինքն, ըստ էության, օգտագործեց այդ հանդիպումները նման քայլ անելու համար: Սա բացարձակապես դրական չէ, եւ սա պետք էր հաշվարկել: Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում նաեւ եռյակի մյուս ուժերի հետ՝ սահմանադրական այս փոփոխության գործընթացը ռեժիմին անվստահության քվեի գործընթացի վերածելու հարցում:

– Եթե իրադարձություններից մի փոքր առաջ ընկնենք, կարելի՞ է եզրակացնել, որ հաջորդ խորհրդարանում ներկայացված կլինեն հենց այն ուժերը, որոնց ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Սերժ Սարգսյանի հետ:

– Ես վստահ եմ, որ առնվազն մեծամասնությանը, ովքեր, այսպես ասած, կոչված են ապահովել սահմանադրական բարեփոխումների շուրջ «լայն կոնսոլիդացիայի» մասովկան, առաջարկվում է այդ գործարքը: Այսինքն՝ հինգ տոկոս՝ սահմանադրական բարեփոխումների աջակցության դիմաց: Որովհետեւ Սերժ Սարգսյանի գործունեության ողջ իմաստն այսօր Հայաստանում բացարձակապես կառավարելի, վերահսկելի մի դաշտ ստեղծելն է, այսպես կոչված՝ կառավարելի «դեմոկրատիա» ստեղծելը: Այդ գործարքն առաջարկվում է նաեւ այն ուժերին, ովքեր չեն հանդիպել իր հետ, բայց չեն պայքարելու սահմանադրական փոփոխությունների՝ իր անձնական իշխանության երկարաձգման դեմ: Այնպես որ՝ այո: Ես համաձայն եմ, այդ գործարքն այսօր առաջարկված է Հայաստանի քաղաքական դաշտին, եւ այդ առումով էլ առաջարկվող սահմանադրական բարեփոխումները լակմուսի թեստ են մեր քաղաքական դաշտի համար:

– Նախորդ շաբաթվա, որ Հայաստանում եվրոպական շաբաթ անվանումը ստացավ, իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանը նորից սկսել է երկու լարի վրա խաղալ՝ կոմպլեմենտար, «եւ-եւ»-ի քաղաքականությամբ՝ եւ Եվրասիական միության, եւ Եվրոպայի հետ կրկին սիրախաղերով: Սայթաքելու վտանգներ կրկին կա՞ն:

– Ես ոչ մի նման բան չեմ տեսնում: Բացարձակապես: Դրանք ընդամենը բառեր են եւ ոչ մի լուրջ գործընթաց, պայմանավորվածություններ գոյություն չունեն: Բայց մի հանգամանքին կուզեի ուշադրություն դարձնել՝ Սերժ Սարգսյանը չի մասնակցում ԵՏՄ-ի, փաստորեն, առանցքային հանդիպումներին: Իրենք՝ իշխանական քարոզչությունը շատ կուզեր ներկայացնել դա որպես երկու լարի վրա խաղ, բարդ աշխարհաքաղաքական ռազմավարություն, որը Սերժ Սարգսյանը փորձում է իրականացնել: Բայց իրականությունը շատ ավելի ցավոտ ու ցավալի է:

– Ո՞րն է:

– Սերժ Սարգսյանին ոչ ոք ԵՏՄ-ում լուրջ չի ընդունում: Նրան ուղղակի չեն հրավիրում առանցքային խնդիրներ քննարկելու: Ամենազավեշտալին այն բացատրությունն է, որ տալիս է իշխանությունը: Շավարշ Քոչարյանը Սերժ Սարգսյանի չմասնակցությունը այսպես բացատրեց՝ հակասությունները այդ երկրների մեջ են, իսկ Հայաստանը որեւէ լուծելու խնդիր չունի: Ավելի աբսուրդ, տգետ բացատրություն հնարավոր չէ տալ: Դա նույնն է, որ ԵՄ որեւէ անդամ որոշի չմասնակցել ԵՄ-ի կարեւոր գագաթնաժողովներին, որովհետեւ ոչ մեկի հետ խնդիր չունի: Էդպիսի բան ուղղակի բնության մեջ չի լինում: Որեւէ միության մեջ միշտ կան շահերի բախումներ, եւ եթե երկիրը չունի խնդիր մյուս երկրների հետ, դա շատ վատ է: Դա նշանակում է, որ այդ երկիրն ուղղակի կամովին հանձնվել է աշխարհի հզորների բարյացակամությանը: Կամովին որոշել է, որ պատրաստ է ստանալ թուլափայ: Խնդիրը ԵՏՄ-ն չի, խնդիրն այն է, որ Հայաստանը չունի իշխանություն, որը պատրաստ է ՀՀ ժողովրդի, մեր պետության շահերը պաշտպանել որեւէ կառույցում՝ լինի ԵՏՄ, ԵՄ, Եվրոնեսթ, թե այլ:

Այսօր Սերժ Սարգսյանը պետք է գնար Աստանա եւ կռիվ տար Պուտինի հետ, Լուկաշենկոյի հետ, Նազարբաեւի հետ եւ ատամներով պաշտպաներ ՀՀ-ի շահերն այդ կառույցում: Դա անելու նրա հրաժարումը, որը նաեւ զուգորդվում է այդ երեք ղեկավարների կողմից նրա նկատմամբ ակնհայտ արհամարհանքով, ամեն ինչ բացատրում է:

– Այս իրադարձությունները հնարավո՞ր է՝ Հայաստանին մղեն Ռիգայի գագաթնաժողովում կամ դրանից հետո այդքան սպասված ԵՄ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրմանը:

– Ես դա բացառում եմ, որովհետեւ եթե Սերժ Սարգսյանն իրեն այսպես է պահում ԵՏՄ-ում, դա նշանակում է, որ ինքն ընդհանրապես մանեւրի ազատություն չունի: Նշանակում է՝ ինքը ոչնչով չի կարող հակադրվել: Եթե անգամ ԵՏՄ-ում չի կարողանում հակադրվել, ինչպե՞ս կարող է գնալ շատ ավելի առճակատային քաղաքականության, ինչպիսին կլիներ այն, ինչ որ դուք ակնարկեցիք: Դա բացառվում է: Կարող է լինել ֆրազեոլոգիա, այս աղետալի ֆինանսական վիճակում Արեւմուտքից փող կպցնելու փորձեր, բայց՝ ոչ ավելին:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031