Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւոր երաժշտություն, գումարած իմպրովիզացիա

Մարտ 25,2015 13:30

Ջազային դաշնակահար Տիգրան Համասյանը եւ Երեւանի պետական կամերային երգչախումբը հանդես կգան «Լոյս ի Լուսոյ» բացառիկ նախագծում

«Առավոտը» հանդիպեց ճանաչված ջազային դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանին եւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանին:

Ջազային դաշնակահարի եւ երգչախմբի համագործակցության առիթով պարոն Թոփիկյանն ասաց, որ Տիգրան Համասյանը 2014թ. գարնանը դիմել էր կոմիտասագետ Արթուր Շահնազարյանին խնդրանքով, որ նպատակ ունի հայաստանյան որեւէ երգչախմբի հետ հայ հոգեւոր երաժշտության ծրագիր պատրաստել:

Հարցին, թե ջազային դաշնակահարին ի՞նչը բերեց հոգեւոր երաժշտության դաշտ, Հարություն Թոփիկյանը նշեց, որ սա առաջին փորձն է հայ հոգեւոր երաժշտությունը նման ձեւով մատուցելու, հետո էլ պատասխանեց. «Տիգրանի հետ մեր շփումը կայացավ անցյալ տարվա ամռանը, երբ նա ներկա գտնվեց երգչախմբի կողմից 65 շարականների ձայնագրման ընթացքին: Հոգեւոր երաժշտությունը, 5-րդ դարից սկսած մինչեւ Կոմիտաս, փոխանցվել է մեզ եւ պետք է այն քարացած չմնա: Յուրաքանչյուր սերունդ իր սերն ու վերաբերմունքն է արտահայտում որպես այդ մշակույթի կրող, իսկ Տիգրանը հոգեւոր երաժշտության արժեքային համակարգի իսկապես տաղանդավոր կրողն է: Կասկած անգամ չունեմ, որ առաջին փորձը՝ ներկայացնել հոգեւոր երաժշտությունը դաշնակահարի իմպրովիզացիոն նվագով, կխրախուսվի մասնագետների կողմից եւ կարժանանա դասական արվեստի երկրպագուների բարձր գնահատականին: Այս ծրագիրը մենք կմատուցենք ոչ միայն հայաստանյան եկեղեցիներում: Այն կհասցնենք մինչեւ Կիլիկիա, Պոլիս, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա, Շվեյցարիա, Չեխիա եւ 100 համերգ եղեռնի 100-ամյա տարելիցի այս նախագիծը տարեվերջին կեզրափակենք, հնչեցնելով ԱՄՆ քաղաքներում»: Մեր զրուցակիցը հավելեց, որ չեն ակնկալում, ասենք, եկեղեցում լեփ-լեցուն հավատացյալների ներկայություն, որովհետեւ այս ձեռնարկը նախ եւ առաջ հոգու պարտք է: Հարություն Թոփիկյանն ասաց նաեւ, որ առաջին համերգից մինչեւ վերջին համերգը պետք է նկարահանվի, հետագայում DVD թողարկելու ակնկալիքով:

Մեզ հետ զրույցում Տիգրան Համասյանը հավաստիացրեց, որ 3 տարի առաջ է հասկացել, որ կարող է մոտենալ հայկական հոգեւոր երաժշտությանը: Նշեց նաեւ, որ ջազային իմպրովիզացիոն արվեստում «խորացել» է՝ ազդվելով աշխարհահռչակ Յան Գարբարեքից, Քեյթ Ջարեթից եւ Գուրջիեւից: «Մինչ այդ երաժիշտների արվեստին հաղորդակից լինելը, ես 50-ականների տրադիցիոն ջազային «բի-բոփ» ուղղության մեջ էի: Հետո հասկացա, որ իմպրովիզացիան հնարավոր է՝ դիմելով ոչ միայն դասական գործերին, այլ ժողովրդականին, հոգեւորին, ընդ որում՝ յուրաքանչյուր ազգի, օրինակ՝ հնդկական դասական երաժշտությունն ամբողջովին հիմնված է իմպրովիզացիայի վրա: Դա՛ էլ ինձ համար ջազ է: Օրինակ՝ Կոմիտասը գնում էր գյուղ, օրերով նստում ու սպասում էր, որ գյուղացուց լսի ժողովրդական երգը, իսկ նույն երգը տարբեր կատարումներում տարբեր էր: Սա հենց խոսում է իմպրովիզացիայի մասին: Դեռեւս այն ժամանակներից մեր ժողովրդի մոտ նույն երգը մեկից մյուսը փոխանցվելով՝ կրում էր իմպրովիզացիոն բնույթ: Ջազը ինձ համար իմպրովիզացիոն արվեստի գերագույն մակարդակն է: Եթե չլիներ ջազ անվանումը, ապա նույն հաջողությամբ եւ տեղին կլիներ ջազն անվանել իմպրովիզացիոն արվեստ»,- ասաց երաժիշտը:

Հարցին, թե, այնուամենայնիվ, դժվար չէ՞ տարիներ շարունակ հանդես գալով մենակատար, հիմա բեմ բարձրանալ երգչախմբի հետ, Տիգրան Համասյանը պատասխանեց. «Ինձ համար կարեւոր են ձայնն ու մեղեդին, ես միշտ սիրել եմ երգեցողությունը, մանավանդ՝ երգչախմբային: Իսկ եթե այն բարձրարվեստ է, իմպրովիզացիան գալիս է հանպատրաստից»:

ԱՄՆ-ում 10 տարի ապրելուց եւ աշխարհում համերգային ծավալուն գործունեություն վարելուց հետո ի՞նչը ստիպեց եվրոպաներում եւ ամերիկաներում ցանկալի հյուր հայազգի ջազմենին հաստատվել հայրենիքում, մեր զրուցակիցն ասաց, թե ընտանեկան հանգամանքները, ապա մանրամասնեց. «Հոգեւոր երաժշտությունն ու կինս: Հայկական երաժշտության հետ կյանքս կապված է ի ծնե, իսկ կնոջս հետ՝ բոլորովին վերջերս»: Ի դեպ, ապրիլին դաշնակահարի կինը՝ Էլենա Պետրոսյանը, հանդես կգա մնջախաղի ժանրում՝ մեկ դերասանի թատրոն ձեւաչափով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Հարություն Թոփիկյանը եւ Տիգրան Համասյանը:

«Առավոտ» օրաթերթ
24.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031