Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքերի կողմից մեր երգի գողացման դէմ պայքարի սխալ կերպը

Մարտ 25,2015 12:30

Այն, որ թուրքերը փորձում են սեփականացնել մեր երգերը, հիմնուած է երգի տեքստում եղած թուրքական բառերի առկայութեան վրայ: Բնական է, որ վեց հարիւր տարի թուրքերի մէջ ապրելով, ժողովրդական բառ ու բանի, նաեւ երգերի մէջ կարող են հնչել թրքական բառեր, ինչպէս այսօր որեւէ երկրում ապրող սփիւռքահայի լեզուն խառնուած է իր ապրած երկրի լեզուի բառերով, ճիշտ այնպէս, ինչպէս ռուսերէնը՝ հայաստանցիների դէպքում: Ուրիշների հետ կողք-կողքի ապրող ժողովուրդների մօտ (իսկ մենք ապրում ենք՝ մէջ-մէջի) փոխանակւում են թէ՛ տարազները, թէ՛ խոհանոցը, թէ՛ մշակոյթը, նաեւ լեզուի մէջ պակասող բառարմատներ: Թուրքերն էլ մեզանից վերցրել են շատ բառեր (տե՛ս Աճառեանի արմատական բառարանը), չհաշուած այն, որ իրենց թատրոնի, էստրադային երաժշտութեան, սուլթանական կառոյցների ճարտարապետական հորինուածքների, արուեստի ու արհեստների եւ ա՛յլ մշակութային ու նիւթական շատ բաների հեղինակները, ներառեալ երաժշտական ասպարէզը, տեղի բնիկ հայերն են եղել եւ ե՛ն մինչեւ օրս (ազգանունները յաճախ փոխուած): Այս նախաբանը չի վերաբերում սեփականը չունենալու պատճառով ուրիշինը գողանալուն եւ որպէս սեփականը յայտարարելուն: Սփիւռքում լոյս տեսնող հայատառ եւ անգլատառ «Նոր Կեանք» 40 էջանոց շաբաթաթերթում մեր «Ալ այլուղս» ժողովրդական երգի առթիւ ծաւալուած վէճի առթիւ մի թուրք երաժշտագէտ փրոֆեսոր գրել էր, թէ ի՞նչ գողութեան մասին է խօսքը, երբ մեր՝ թուրքերիս երաժշտութիւնը հայերն են ստեղծել: Գողութեան դէմ պէտք է պայքարել. բայց ինչպէ՞ս:

Խօսքս մասնաւորեցնեմ մեր ժողովրդական հետեւեալ երգի վրայ, որ երգւում է «Սարի աղջիկ» անուան տակ:Երգի բուն անունն է՝ «Սարը կեալին» (կամ՝ գեալին), ինչը թուրքերէն նշանակում է՝ դեղին հարս (կամ՝ շէկ աղջիկ): Կեալին բառը նաեւ նշանակում է տիկնիկ: Սարը բառի դեղին իմաստը կայ նաեւ Ռուսաստանում՝ նախկին ԽՍՀՄ-ի Ստալինգրադ (այժմ՝ Վոլգոգրադ) քաղաքի ցարական ժամանակներում կոչուող՝ Ցարիցին անուան մէջ, որը կապ չունի ցար (թագաւոր) անուան հետ: Այդ քաղաքի դիմաց, Վոլգա գետի մէջտեղում մի կղզեակ կայ, որի ափերը ոսկեգոյն աւազով են պատուած. դրա համար այդ վայրերը նուաճող Միջին Ասիայից եկած թաթարները տեղը անուանել են՝ սարը սին՝ դեղին աւազ (սին՝ նշանակում է աւազ): Այստեղից ռուսական աղաւաղուած ցարի ցին ձեւը: Կեդրոնական Ասիայի թաթար-մոնղոլական ցեղերը շիկաւուն եւ կապուտաչեայ չեն եղել: Իսկ հայերի մէջ եղել են եւ այսօր էլ կան կապոյտ աչքերով շիկահերներ: Բաւական է այցելել Գաւառի (նախկին՝ Կամո), Մարտունու եւ Վարդենիսի (նախկին Բասարգեչար) շրջանները, որոնց բնակիչները Արեւմտեան Հայաստանի՝ Բայազետ, Ալաշկերտ եւ Մուշ գաւառներից գաղթածներն են, տեսնելու եւ համոզուելու համար, որ նրանց մէջ շատ են շէկերը: Վերջապէս դիմենք մեր արմատներին. Հայոց քաջութեան աստուած, եղեգնից ծնուած Վահագնը, ինչպէս երգուել է հեթանոսական ժամանակներում. «Հուր հեր ունէր եւ ապա թէ՝ բոց մորուս», այսինքն՝ հրէ (կրակի գոյն)՝ հեր (մազեր) ունէր եւ բոց գոյնի մորուս:

Հետեւաբար, թուրքերին որպէս հերքում, իբր հայացնելով, երգելիս՝ սարը կեալին բառերը փոխելը ու հնչելը սարի (լեռան իմաստով) աղջիկ բառերով՝ սխալ է եւ անհամոզիչ, որովհետեւ երգը հնուց ի վեր է հնչել ու տարածուել է, թերեւս նաեւ պատեֆոնի հին երգապնակների (պլաստինկա կոչուածների) վրայ ձայնագրուել է սարը կեալին բառերով եւ այդպէս էլ՝ ի սկզբանէ լսել են թուրքերը: Հետին ժամանակով արուած այս անյաջող «շտկումը» թուրքերի համար համոզիչ փաստարկ չէ: Հարկաւոր է մեր նորագոյն երգիչներին տեղեկացնել այս պարզաբանումը եւ պահանջել, որ առժամանակ, ամէն կատարումից առաջ ունկնդիրին բացատրել դա ու երգել ինչպէս որ ստեղծուել է երգը: Վերջին հաշւով երգի բնութագիրը երաժշտական մասն է, ինչը այս դէպքում բնիկ հայկականութիւնը պահպանում է եւ չի կարող հնչուել թուրքականին բնորոշ լադով:

ՆՇԱՆ ՈՐԲԵՐԵԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031