Գագիկ Պետրոսյանի խոսքերով՝ «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը սոցիալական գովազդի անվան տակ հինգ ռադիոալիքով քաղաքական գովազդ է տարածում:
Լեռնային Ղարաբաղի «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության շտաբի պետ Վարուժան Գաբրիելյանը մարտի 23-ին դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Ըստ նրա՝ ԼՂՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում փակցված են «Ազատ հայրենիք» կուսակցության օրացույցները եւ առկա են նրանց գրենական պարագաները, նա դիմել էր հանձնաժողովին, որպեսզի այդ պարագաները հեռացվեն:
Aravot.am-ի հետ զրույցում «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Գագիկ Պետրոսյանն ասաց, որ հունվարի 29-ին լրացել է կուսակցության տասնամյակը եւ այդ պարագաները այդ առթիվ էին պատրաստել. «Ամեն տարի մենք պատրաստում ենք օրացույցներ, գրենական պիտույքներ, այս տարի նույնպես պատրաստել էինք գրենական պիտույքներ, որոնց վրա ոչ մի քարոզչական նյութ չկա, այլ գրված են 2005-2015 թվականների «Ազատ հայրենիք» կուսակցության կարգախոսները: Մենք դրանք համագումարի ընթացքում միայն մեր կուսակցության անդամներին ենք բաժանել, եթե մեր կուսակցության անդամները ինչ-որ պետական մարմիններում են աշխատում եւ իրենց սենյակներում են փակցրել այդ օրացույցները, ապա դա չի նշանակում, որ «Ազատ հայրենիքը» քարոզչություն է անում: Մեր օրացույցների վրա քարոզչության ոչ մի միտում չկա»:
Նա հավելեց, որ «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը սոցիալական գովազդի անվան տակ հինգ ռադիոալիքով քաղաքական գովազդ է տարածում, որն իր մեջ քարոզչական միտումներ է պարունակում. «Այսինքն՝ իրենք խոսում են, որ այս թեկնածուն գալու է Ազգային ժողով, այս Ազգային ժողովում ինչ պաշտոնը զբաղեցնելու դեպքում իրականացնելու է այս ինչ գործը: Դա իր հերթին քարոզչություն է»:
Կարդացեք նաև
Գագիկ Պետրոսյանը համարում է, որ ստեղծված իրավիճակը որեւէ կերպ չի կարող ազդել մայիսի 3-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների թափանցիկության վրա. «2000 թվականից սկսած ընտրությունները Լեռնային Ղարաբաղում անցնում են ժողովրդավարական պայքարի մեջ, մինչեւ հիմա ոչ մի հակաժողովրդավարական ընտրություններ չեն եղել եւ ոչ ոք լարված հարաբերություններ չի ունեցել: Այսինքն՝ ընտրություններն անցել են նորմալ մթնոլորտում, ես չեմ կարծում, որ այս ընտրությունները տարբերվելու են մնացած ընտրություններից, իսկ եթե տարբերվեն, չեմ կասկածում, որ դեպի լավը կտարբերվեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ