Քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը իր փաստաբանների հետ քննարկում է իրեն ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործը կասեցնելու վերաբերյալ ոստիկանության որոշումը բողոքարկելու մասին:
Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 20-ին նրան ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մեղադրյալ ներգրավելու համար անձ չհայտնաբերվելու հիմքով։
«Փաստաբաններս ասում են՝ պետք է բողոքարկվի, բայց ես անիմաստ եմ համարում: Ժամանակատար գործընթաց է ու ժամանակի վատնում: Ես վստահ եմ, որ այս գործը չի բացահայտվի, ինչպես չեն բացահայտվի մյուս ակտիվիստներին ծեծի ենթարկելու դեպքերը: Սա իշխանության կազմակերպածն էր ու քաղաքական հաշվեհարդար տեսնելով սահմանափակվեցին այդքանով»,- Aravot.am-ին ասաց ակտիվիստը:
Ոստիկանությունը դիմել էր Երևանում ավտոկայանատեղիների կազմակերպմամբ զբաղվող «Փարկինգ սիթի» ընկերությանը՝ պահանջելով տրամադրել դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների նկարահանումները։ Ընկերությունը չի տրամադրել՝ պատասխանելով, որ միջադեպի ժամանակ (19:30-ի սահմաններում) տարածքում հոսանք չի եղել և տեսանկարահանում չի իրականացվել։ Իսկ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաստատել է ընկերության պնդումը։
Կարդացեք նաև
«Կատաստրոֆիկ սուտ է, որովհետեւ դեպքի ժամանակ դուրս եմ եկել Հանրապետության փողոցում գտնվող խանութից՝ աշխատանքի վայրից, ու լույս եղել է, իսկ ծեծողները փախչել են տպագրիչներ, այնտեղ էլ լույս կար, ոչ մի տեղ լույսն անջատված չի եղել: Կարող եմ այս սուտը բացահայտել, բայց շատ ավելի լուրջ հարցեր կան բարձրաձայնելու, քան ընկնել իրենց ստի հետեւից: Դեռ քննարկում եմ՝ բողոքարկեմ, թե՝ ոչ»:
Հիշեցնենք, որ Վաղինակ Շուշանյանին ծեծողներից մեկն ասել էր․ «Այ թուլա, էդ դո՞ւ էիր նախագահին երեկ քրֆում»: Իսկ դեպքից մի օր առաջ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ Շուշանյանը անդրադարձել էր ավելի վաղ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հայտարարությանը՝ նախագահի հասցեին որեւէ բան ասողի ականջները շան թուլի պես կկտրի:
Իսկ Վաղինակ Շուշանյանը, ի պատասխան այդ հայտարարությանը, ասել էր. «Թող գա, կանգնի ստեղ, ես իրա նախագահին էլ քրֆեմ, իրան էլ քրֆեմ ու հըլը տենամ կարա ականջներս կտրի»։ Վաղինակ Շուշանյանը նկատի է ունեցել հենց Լևոն Երանոսյանին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ