Նոյեմբերյան –Իջեւան ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը երթեւեկի համար ներկայումս բաց է: Այն պարբերաբար փակվում է սահմանագծում լարվածության, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի վրա ադրբեջանական հենակետերից կատարվող գնդակոծությունների պատճառով: Սակայն հիմա էլ , հիմնական ճանապարհի բացվելուց հետո, երթեւեկի մի մասը կատարվում է Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, Հարսնաքար սարով ձգվող ճանապարհով:
Շրջանցիկ, 6.3 կիլոմետր երկարությամբ այդ ճանապարհը կառուցվել է 2006-2007 թվականներին, պետական բյուջեի 868 միլիոն դրամ ֆինանսավորմամբ: Դժվարամատչելի տեղանքով ձգվող ճանապարհը շահագործման հանձնվելուց հետո մի քանի տարի անգործության էր մատնվել, քանի որ սողանքի պատճառով 2 ոլորանում ճանապարհը քանդվել էր: Այն պետական միջոցներով նորոգվեց: Վարորդները վախենում անցնել ադրբեջանական դիրքերի առաջ ձգվող հիմնական ճանապարհով եւ գիշերներն երթեւեկում են գնդակոծություններից համեմատաբար անվտանգ ուղիով:
Այժմ Բաղանիս-Ոսկեպար հիմնական ճանապարհով երթեւեկողների մեծամասնությունը տեղանքին անծանոթներն են, ովքեր պատկերացնում չունեն սահմանի նշված հատվածում հնարավոր վտանգների, ադրբեջանական ռազմական հենակետերի ներկայության մասին: Հիմնական ճանապարհի եզրին տեղադրված «դիտարկվող տեղամաս» մակագրությամբ փոքրիկ ցուցանակը տարածքին անծանոթներին տեղեկատվություն չի հաղորդում ճանապարհի դեմ-դիմաց գտնվող ադրբեջանական հենակետերի մասին: 1990-ական թվականների երկրորդ կեսին Բաղանիս-Ոսկեպար հիմնական ճանապարհի առավել վտանգավոր հատվածում, մեքենաների երթեւեկը ազերիների գնդակներից պաշտպանող հողապատնեշ կար: Այն, չգիտես ինչ պատճառաբանությամբ, քանդվեց, հեռացվեց:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ