Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբոր՝ 50-ամյա Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող Արման Կատունյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է, նրան պայմանականորեն ազատ են արձակել՝ ստորագրություն վերցնելով չհեռանալու մասին: Փոխվել է նաև նրան առաջադրված մեղադրանքը, «դիտավորյալ սպանությունը» վերաորակավորվել է «Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն», այսինքն` ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը այժմ դարձել է 105 հոդվածով առաջադրված մեղադրանք:
Հիշեցնենք, որ այս սպանությունը կատարվել էր անցած տարվա հուլիսի 24-ին Շիրակի մարզի Գետք գյուղից դեպի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի քանդված գոմերի մոտ: Որպես կասկածյալ կալանավորվել էր Հարություն Գրիգորյանի հարևան 36-ամյա Արմանը Կատունյանը, որը ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բաժանմունքի պետն էր:
Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը Aravot.am-ին փոխանցեց, որ ինքը քննիչի դեմ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին փորձագետի եզրակացության պատճենը իրեն չտրամադրելու համար: Բացի այդ, միջնորդություն է ներկայացրել կրկնակի դատահոգեբանական, դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն, նախաքննական մարմինը առանց քննարկելու իր միջնորդությունը, մեղադրանքը վերաորակավորել է: Փաստաբանը չի հիշում մի դեպք, որ սպանության մեջ կասկածվող որևէ մեկին ազատ արձակեին՝ փոխելով խափանման միջոցը, թեև , ըստ նրա, վերջերս Հայաստանում սովորական է դարձել աֆեկտի մեջ գտնվելու կամ անհրաժեշտ պաշտպանական միջոցների դիմելու պատճառաբանությամբ սպանություններն արդարացնելը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ