«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամն ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից: 2011 թ. մարտին Ֆրանսիայում Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի և Տավուշի մարզի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիր է կնքվել՝ 3 տարի ժամկետով: Տավուշի մարզին Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի դեպարտամենտի աջակցությունն ուղղված է մարզի գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, սահմանագոտու բնակիչների կենսամակարդակի բարելավմանը:
Դիտավանի նախկին գյուղապետ Սեյրան Սարգսյանը ու եւս 3 դիտավանցիներ դատի են տվել հիմնադրամին: Դիտավանցիների հայցը վերաբերում է 2012թ. Դիտավանում ցանված 10 հա եգիպտացորենին, որից ստացված սիլոսը պետք է օգտագործվեր հիմնադրամի կողմից մարզի Լուսաձոր գյուղում հիմնված տոհմային անասնապահական ֆերմայի կովերին կերակրելու համար: Ըստ պայմանագրի «ՀիմնաՏավուշը» հնձի շրջանում պետք է ապահովեր տեխնիկայով, ինչը չի արվել: Դրա պատճառով եգիպտացորենը գերհասունացել է, չորացել, ակնկալված 400 տոննայի փոխարեն հնձվել է ընդամենը 92 տոննա:
Նախկին գյուղապետը հայտնեց, որ իրենք հիմնադրամից ստացել են ընդհանուր առմամբ 1 միլիոն 860 հազար դրամ, սակայն ակնկալում էին ստանալ 8 միլիոն դրամի եկամուտ: Դատի ընթացքում «ՀիմնաՏավուշի» ներկայացուցիչները հանդես են եկել հակընդդեմ հայցով: 2014թ փետրվարի 5-ին դատավոր Արման Կուրեխյանը որոշել է «ՀիմնաՏավուշ» Զարգացման հիմնադրամից հօգուտ Սեյրան Սարգսյանի բռնագանձել 2 միլիոն 657 հազար 300 դրամ պատճառված վնասի գումար եւ 50 հազար 896 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Հայկ Ալիխանյանի՝ 1 միլիոն 505 հազար 640 դրամ՝ պատճառված վնասի եւ 28 հազար 612 դրամ պետական տուրքի գումար,հօգուտ Վարդան Սարգսյանի՝ 1 միլիոն 505 հազար 640 դրամ՝ պատճառված վնասի եւ 28 հազար 612 դրամ պետական տուրքի գումար , հօգուտ Սամսոն Ալիխանյանի 221 հազար 500 դրամ պատճառված վնասի եւ 2930 դրամ պետական տուրքի գումար:
2014թ. հուլիսի 10-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը «ՀիմնաՏավուշի » վերաքննիչ բողոքը մասնակի բավարարել է եւ գործն ուղարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Այժմ սույն գործով դատավարությունը ընթանում է նույն դատարանի Դիլիջանի նստավայրում՝ դատավոր Աշոտ Խաչիկյանի կողմից: «ՀիմնաՏավուշը» հրաժարվում է փոխհատուցել դիտավանցիների կրած վնասները, իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փետրվարի 13-ին «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալ է հանձնել «ՀիմնաՏավուշի» արտադրության եւ կոմերցիայի գծով տնօրեն Ռոբերտ Նավասարդյանին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ