ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից նորածին երեխայի սպանության դեպքի առթիվ։
2015 թվականի մարտի 23-ին Շիրակի մարզի համայնքներից մեկի ղեկավարից ահազանգ է ստացվել, որ բնակչուհիներից մեկը նույն օրը տնային պայմաններում ծննդաբերել է, ում պտուղը մահացած է եղել:
Դեպքի կապակցությամբ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի արդյունքներով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով (Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը)։
Քննության շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու, բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Երեխայի մայրը հարցաքննվել է որպես կասկածյալ, որի ընթացքում հայտնել է, որ 2015 թվականի մարտի 23-ին՝ առավոտյան, տանը ծննդաբերել է արական սեռի երեխա, ապա՝ խեղդամահ արել նրան՝ իրենց ընտանիքի սոցիալական վատ վիճակի ու երեխային պահելու միջոցներ չունենալու պատճառով:
Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին (կինն ամուսնացած է, խնամքին ունի երեք անչափահաս երեխա)։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին