Այսօր Բարսելոնայի Գերմանիա ուղեւորվող 148 ուղեւորներով առեւտրային ինքնաթիռ է վթարի ենթարկվել Ֆրանսիայի Ալպերում: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է, որ, ամենայն հավանականությամբ, փրկվածներ չկան: «Սա ողբերգություն է մեր հողի վրա: Ես ցանկանում եմ հայտնել իմ ցավակցությունը վթարի արդյունքում զոհվածների ընտանիքներին: Սա ծանր կորուստ եւ ողբերգություն է»,- Օլանդի խոսքերն է մեջբերում «Usatoday»-ը:
«Lufthansa» ավիաընկերության դուստր ձեռնարկություն «Germanwings»-ի 9525 թռիչքը Իսպանիայից օդ է բարձրացել առավոտյան 9:55-ին եւ մոտավորապես 22 րոպեից անհայտացել է ռադարներից: Ավիաընկերության ղեկավար Թոմաս Վինկելմանն ասում է, որ «Gemanwings»-ի եւ «Lufthansa»-ն ամբողջ աշխատակազմը խորապես ցավում է. «Նրանք մտքով եւ աղոթքներով ուղեւորների ընտանիքների եւ ընկերների հետ են»:
Վինկելմանը հավելել է, որ ինքնաթիռի արագ վայրէջքը տեւել է մոտավորապես 8 րոպե եւ ինքնաթիռի հետ կապը կորել է 6.000 ոտնաչափ բարձրության վրա: Նա ավելացրել է, որ ինքնաթիռի օդաչուն ունեցել է ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ, ինքնաթիռը անցած ամառ է ստուգվել եւ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Իսպանիայի փորձագետները մեկնում են դեպքի վայր:
Կարդացեք նաև
Ֆրանսիայի նախագահը ասում է, որ ինքնաթիռում էին գտնվում Իսպանիայի, Գերմանիայի եւ Թուրքիայի քաղաքացիները: Նա ասում է, որ տեղյակ չէ, թե նրանք մեջ կային ֆրանսիացիներ, թե ոչ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ նշել է, որ ուղեւորներից շատերը Գերմանիայից են: Նա նաեւ հավելել է, որ իր մտքերը զոհերի ընտանիքների եւ մտերիմների հետ են եւ դեպքի վայր կգնա վաղը:
Կայքը նշում է, որ թռիչքի վերահսկողության համակարգերը գրանցել են րոպեում 3.000 ոտնաչափ արագությամբ վայրէջք: Ինքնաթիռը սկսել է իջնել 38.000 բարձրությունից եւ 8 րոպե անց հասել է 11.400-ի: Դրանից հետո վերահսկողության համակարգերը դադարել են տվյալներ ստանալ:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ