Վերջին տարիներին Սյունիքի մարզի Տորունիք գյուղում բնակչության թվի նվազմանը զուգահեռ ավելանում են անձնական ավտոմեքենաները։ Դեպի հեռավոր այս համայնք տրանսպորտ չի աշխատում, տաքսիներն էլ ոչ միշտ են պատվեր ընդունում՝ քարուքանդ ճանապարհի պատճառով։
«Այս տարի տրանսպորտն աշխատեց միայն սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին,- ասում է Տորունիքի հիմնական դպրոցի քիմիա-կենսաբանության ուսուցչուհի Անահիտ Հովասափյանը,- Տորունիք, Սոֆլու, Դաստակերտ… այդ գյուղերի ուսուցիչներին էր հիմնականում տեղափոխում… Դե երևի չարդարացրեց»:
Արայիկ Դավթյանը Տորունիք դպրոցի տնօրենն է մոտ 4,5 ամիս, նույնքան ժամանակ էլ մեքենայի ղեկին է: «Պարտադիր պայման է». Տորունիքի դպրոցի տնօրենը անձնական ավտոմեքենա պետք է ունենա, որ ուսուցիչներին տեղափոխի: Նախկին տնօրենը նույնպես տարիներ շարունակ ինքն է անձնական մեքենայով փոխադրել ուսուցիչներին:
Սիսիանից բարձրադիր այս գյուղ հասնելու համար 17 կմ է պետք հաղթահարել:
Տորունիքի դպրոցի 5 ուսուցիչներից 4-ը երթևեկող են․ Սիսիանից են գալիս։ Միայն դասվարն է գյուղում ապրում։ Այլ մասնագետներ տեղում չկան։ «Եթե մեքենան չլիներ, այսօր ուսուցիչները, նաև ես խնդրի առաջ կանգնած կլինեինք: Ամեն օր բախտի քմահաճույքին, պատահական մեքենաներով, բնական է, չէինք կարող հասնել աշխատանքի: Ճանապարհը շատ վատ վիճակում է. մենք մոտ 1 ժամ առաջ ենք դուրս գալիս, որ ժամանակին հասնենք դպրոց»,- ասում է Տորունիքի դպրոցի տնօրեն Արայիկ Դավթյանը:
Պետությունը երթևեկող ուսուցիչներին վճարում է յուրաքանչյուր օրվա համար 500 դրամ ու «ձեռքերը լվանում», այն դեպքում, երբ տրանսպորտն աշխատելու պարագայում անգամ ուսուցիչը 600 դրամ պիտի վճարեր: Դե իսկ տաքսին, եթե սպասարկում է, 3000-5000 դրամ է արժենում: Ուսուցիչները կատակում են` մայրաքաղաք գնալ-գալն ավելի էժան կարժենա:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` Mynews.am-ի կայքում