Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 10.5 տոկոս

Մարտ 24,2015 18:21
KB

2015 թ. մարտի 24-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել լոմբարդային ռեպո տոկոսադրույքը 1.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 12.0% և անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%:

2015 թ. փետրվարին արձանագրվել է 0.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.2% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը ամսվա վերջին կազմել է 5.4%: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կպահպանվի թույլատրելի միջակայքի վերին սահմանի շրջակայքում, որից հետո կրկին կմոտենա նպատակային ցուցանիշին:

Արտաքին հատվածում վերջին զարգացումները  հիմնականում համահունչ են եղել տարեսկզբին արված ԿԲ կանխատեսումներին, ինչի պարագայում թե՛ ԱՄՆ, թե՛ Եվրոգոտու և թե՛ ՌԴ տնտեսական աճերը գնահատվում են կանխատեսված մակարդակների շրջանակում: Հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում, ինչպես և սպասվում էր, պահպանվել են գնանկումային միտումները: Ելնելով նշված զարգացումներից՝ ԿԲ խորհուրդը գտնում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ:

Խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ տնտեսությունում հունվար-փետրվար ժամանակահատվածի տնտեսական ակտիվությունը փոքր-ինչ գերազանցել է սպասելիքները՝ պայմանավորված հիմնականում գյուղատնտեսության և շինարարության ճյուղերում սպասվածից բարձր աճով: Մյուս կողմից, նախորդ տարեվերջի զարգացումներով պայմանավորված, ՀՀ ֆինանսական և ապրանքային շուկաների լարվածությունը թուլացել է, որի հիման վրա էլ Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքների նվազեցումը՝ իջեցնելով լոմբարդային ռեպո տոկոսադրույքը և վերականգնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքից դրա բնականոն՝ 1.5 տոկոսային կետով հեռացվածությունը:

Միաժամանակ, մարտի 1-ից ուժի մեջ է մտել բանկերի կողմից ներգրավված երկարաժամկետ միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման զրոյական կամ թույլ մեխանիզմը, որն, առաջին եռամսյակում իրականացված մակրոպրուդենցիալ այլ միջոցառումների հետ մեկտեղ, էականորեն չեզոքացրել է նախորդ տարվա վերջին պարտադիր պահուստավորման խստացման ազդեցությունը: Դա իր հերթին դրամավարկային պայմանների թուլացում է և առաջիկայում ևս կնպաստի տնտեսական ակտիվության աճին:

Հետագայում, տնտեսական զարգացումներին զուգընթաց, ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ապրիլի 3-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):

ՀՀ Կենտրոնական բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031