Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դերսիմի տարածաշրջանից ժամանած գյուղապետերն այցելեցին Ծիծեռնակաբերդ

Մարտ 24,2015 18:01

Մարտի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ և «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախաձեռնությամբ «Հիշողության արթնացում» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած Դերսիմի տարածաշրջանի 9 գյուղապետերն այցելեցին Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրեցին 20-րդ դարասկզբին տեղի ունեցած մեծագույն ոճրագործություն՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Նրանք եղան թանգարան-ինստիտուտում, լսեցին Ցեղասպանության մասին պատմություններ, դիտեցին 20 րոպեանոց տեսաֆիլմ և իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին թանգարանի աշխատակցին:

Մինչ այդ՝ մարտի 21-ին, գյուղապետերն այցելել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Խոր Վիրապ, Արարատի մարզ, ապա՝ Հայաստանի պատմության թանգարան և Մատենադարան:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելությունից հետո «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում կայացավ գյուղապետերի և «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանի համատեղ մամուլի ասուլիսը:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավարը նշեց, որ Հայաստան այցելած գյուղապետերի մեծ մասը ծագումով հայեր են, որոնցից մի մասը ուզում է վերադառնալ իր ինքնությանը, արմատներին: «Այցի շրջանակներում նրանք ծանոթացան Հայաստանի տեսարժան վայրերին, պատկերացում կազմեցին հայկական մշակույթի մասին, – նշեց Ա.Պապյանը՝ հավելելով, – Շնորհակալություն ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ այս շատ կարևոր առաքելությունը հավուր պատշաճի իրականացնելու գործում ցուցաբերած օգնության համար»:

Բանախոսն ընդգծեց, որ Դերսիմում ապրող բնակչության մեծամասնությունը ալևիներ են և բարեկամաբար են տրամադրված քրիստոնյա հայերի նկատմամբ: «Գյուղապետերը ցանկանում են պարբերական դարձնել իրենց այցելությունները Հայաստան», – ասաց Ա.Պապյանը՝ խոսքը փոխանցելով Դերսիմի հայերի և ալևիների միության նախագահ Սերկան Սարիատաշին:

Խոսելով երկուսուկես ամիս առաջ հիմնադրված իրենց կազմակերպության մասին՝ Ս.Սարիատաշը նշեց. «Առաջին գործը, որ արել ենք, Դերսիմում հայերենի դասընթացներ կազմակերպելն է՝ շաբաթական երեք օր՝ երկուական ժամով: Բացի այդ՝ դերսիմահայերը հանդես են գալիս այլ նախաձեռնություններով ևս. այցելում են տեղի հայկական գյուղերի գերեզմանատներ և աղոթում մեռյալների հոգիների հանգստության համար: Իսկ ապրիլի 24-ին մենք կլինենք Դերսիմի այն ժայռի մոտ, որտեղից 1915թ. հայերին նետել են անդունդը: Մայիսից Թուրքիայի հայ ճարտարապետների միության հետ սկսելու ենք ճշտել հայկական ճարտարապետության հետքերը Թուրքիայում: Մենք արդեն հստակեցրել ենք, որ Դերսիմի տարածքում եղել է 162 հայկական եկեղեցի, որոնցից մեկը կվերակառուցվի Դերսիմի հայերի և ալևիների միության ու Դերսիմի միությունների դաշնության ջանքերով»:

Ս.Սարիատաշն ընդգծեց, որ իրենց աշխատանքներն այլևս ոչ թե անհատական, այլ հասարակական բնույթ պետք է կրեն:

Դերսիմի միությունների դաշնության նախագահ Ահմետ Բալկըսը նշեց. «Մենք գիտենք, որ Դերսիմում, ուր ապրում ենք, ամենուրեք Ձեր նախնիների թողած հարուստ ժառանգության հետքերն են: Ուզում եմ խոստանալ, որ մեր հաջորդ այցի ժամանակ շատ ավելին պիտի ունենանք Ձեզ հաղորդելու մեր կատարած աշխատանքների մասին»:

Ահմետ Բալկըսը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը և «Մոդուս Վիվենդի» կազմակերպությանը՝ իրենց ջերմ ընդունելության և հայոց պատմության ու մշակույթի հետ ծանոթացնելու ջանքերի համար:

Դերսիմի հայերի միության ներկայացուցիչ Միհրան Փրկիչը նշեց, որ Թուրքիայի՝ նախկինում հայաբնակ տարածքների բնակչությունից շատերը սկսել են հիշել իրենց իրական ինքնության մասին՝ ամուր քայլերով փորձելով վերադառնալ արմատներին:

«Հայոց ցեղասպանության մասին ցանկացած բանավեճ անիմաստ է դառնում, երբ քայլում ես Արևմտյան Հայաստանի հազարավոր անտեր գերեզմանների ու հուշարձանների կողքով: Այդ ապրումները մենք ամեն օր ունենում ենք Թուրքիայում, – շեշտեց Միհրան Փրկիչը՝ հավելելով, – Դերսիմում ապրող մեր բոլոր հայ եղբայրների անունները թրքացած ու քրդացած են, և գյուղապետերին Հայաստան բերելու հիմնական նպատակն այն էր, որ գալով և ճանաչելով իրականությունը՝ առավել հետևողականորեն տեր կանգնեն Դերսիմի հայկական գերեզմաններին»:

Գովերգե և Կարաջա գյուղերի գյուղապետեր Ալի Հըդըր Էրենը և Էրոլ Սալտըկը նշեցին. «Մենք ճնշված հասարակություն ենք եւ կանգնած ենք բոլոր ճնշվողների կողքին: Մեր հետագա հարաբերություններում երկուստեք շեշտը պետք է դնել համատեղ միջոցառումների կազմակերպման վրա»:

Ասուլիսի ավարտին բանախոսները պատասխանեցին լրագրողների հարցերին:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031