Չնայած Ազգային անվտանգության ծառայությունն իր նախկին աշխատակցին՝ Մառլեն Մուրադյանին դրական բնութագիր էր տվել, սակայն նա մեղադրվում է Ռաֆայել Հարոյանի խմբի հետ, որոնք տարադրամի փոխանման կետերի ու նրանց աշխատակիցների նկատմամբ ավազակային, զինված, դիմակներով հարձակումներ են կատարել, անգամ սպանել տարադրամի փոխանման կետի երիտասարդ աշխատակցին:
ԱԱԾ-ի նախկին աշխատակից ամբաստանյալը մեղադրվում է նաեւ այն բանի համար, որ օժանդակել է 2012 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2013 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ, ամբաստանյալ էդիտա Ալիխանյանի և վերջինիս ամուսնու՝ Տիգրան Հովհաննիսյանի կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից առանձնապես խոշոր չափերի՝ 65.858.153 ՀՀ դրամին համարժեք 147.740 ԱՄՆ դոլարի և 5.505.000 ՀՀ դրամի հափշտակությանը:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հաջորդ նիստին կհետազոտի իրեղեն ապացույցները, որից հետո առաջին հնգյակը, որոնք ընդունել են իրենց մեղքը, կտան ցուցմունքներ:
ՙԲանդա 2՚ գործով այսօր դատարանում հրապարակվեց ամբաստանյալ էդիտա Ալիխանյանի ձեռագիր ցուցմունքի մասին, ամբաստանյալներին մեղադրանք առաջադրելու մասին քննիչի որոշումները, ամբաստանյալներին որպես կասկածյալ բերման ենթարկելու մասին որոշումները, քննչական փորձարարություն նշանակելու մասին հավելվածը:
Կարդացեք նաև
Ըստ ամբաստանյալ Ռաֆայել Հարոյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի, ճանապարհային ոստիկանության մի գրության համաձայն, նրանց հաշվեկշռից մեքենայի համարանիշի կորուստ չի արձանագրվել:
Լիպարիտ Սիմոնյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ամբաստանյալ Գոհար Գաբրիելյանը ցուցմունք է տվել նախաքննության մարմնին այն ժամանակ, երբ անգամ ծանուցագիր չի ստացել, այդ նույն ժամանակահատվածում, երբ հարցաքննվում էր Վարդուհի Գաբրիելյանը:Պաշտպանը հայտնեց նաեւ, որ դա այն նույն ժամանակահատվածում է եղել, երբ գործը ոստիկանության Շենգավիթի բաժնի քննիչից տեղափոխվել է Երեւանի քննչական բաժանմունք:
Հետեւաբար, նա իր կասկածը հայտնեց այդ կապակցությամբ:
Հիշեցնեմ, որ ամբաստանյալներից Գոհար Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ էդիտա Ալիխանյանի և վերջինիս ամուսնու՝ Տիգրան Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 73.169.992 ՀՀ դրամին համարժեք 119.900 ԱՄՆ դոլար և 23.923.795 ՀՀ դրամ։
Դատական նիստերն այսուհետ կլինեն ոչ միայն շաբաթվա երեքշաբթի օրերը, այլ նաեւ հինգշաբթի:
Այս գործով, տուժող է ճանաչվել նաեւ բանկը՝«Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությունը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ