Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայանը՝ Թուրքիայի նախագահին. «Հայոց ցեղասպանության ճանաչումը ձեզ է պետք»

Մարտ 24,2015 17:40

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի բաց նամակը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին

Ռեջեփ Թայիփ, ես Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց ճանաչելու դեպքում էլ, հաստատ Դուք չեք այն մարդը ու այն երկրի ղեկավարը, ում հետ ցավից կխոսեմ: Հարևան ենք ու հազարավոր կիլոմետրեր չեն բաժանում մեզ, բայց ցավի տրամագծորեն տարբեր ընկալում ունենք, մենք ցավը լուռ ենք կրում, դուք վահան եք դարձնում, որովհետև պաշտպանության կարիք եք զգում, ի տարբերություն մեզ, որ պաշտպանվելու կարիք չունենք, որովհետև հանցանք չենք գործել: Ձեզ պաշտպանելու համար Դուք նախահարձակ եք լինում, շատ հին տակտիկա է, բայց Ձեզ օգնել չի կարող:

Օսմանյան կայսրության տարածքում անցյալ դարասկզբին քրիստոնյաների ու հատկապես հայերի ցեղասպանություն է կատարվել, ու երբ Դուք անձամբ ու Ձեր պաշտոնական պատմաբանները ժխտում են ցեղասպանությունը, ժխտում են ոչ թե հայերիս ու ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած երկրների ու միջազգային կազմակերպությունների ճշմարտությունը, այլ հենց ձեր նախնիների: Կարդացեք Մահմուդ Թալեաթի ու Ահմեդ Ջեմալի հուշերը, կարդացեք 1919 թ. Օսմանյան ռազմական ատյանի դատավարությունն ու Մահմուդ Թալեաթին, Իսմայիլ Էնվերին և Ահմեդ Ջեմալին, դոկտոր Նազըմին մահվան դատապարտելու պատճառները ու նախ նրանց հերքեք:

Եթե Ձեր հայրենակիցներին չեք հավատում, դուրս եկեք Ձեր նորակառույց նստավայրից ու քայլեք դեպի նախկին նստավայրը, ո՞վ է կառուցել այդ շենքը և ու՞ր են հիմա շինարարների, ճարտարապետների ժառանգները: Մի քիչ ոտքով շրջեք Ստամբուլում ու հաշվեք՝ քանի՞ պալատ կա թուրքի կառուցած, քանի՞ կամուրջ, քանի՞ հասարակական շինություն: Ի՞նչ եղան Օսմանյան կայսրության Ձեր իսկ սուլթանի ֆարմանով հաստատված «Միլիեթը սադըկա» ՝ հավատարիմ ժողովրդի ժառանգները: Ու՞ր են: Ինչու՞ պիտի նրանց ներկայությունը կամ գոյությունը արխիվներում որոնվի: Իրենք ու՞ր են: Համատարած խելահեղության համաճարա՞կ էր, որ երկու միլիոնով վեր կացան ու տուն-տեղ թողած՝ վերացան, ամեն ինչ հանձնելով ձեզ, որ թուրքական օջախ կառուցեք, միատարր պետություն՝ օսմանցու իշխանություն:

Այո, խելահեղության համաճարակ էր ու տարածողը երիտթուրքերին էին, նրանց գործը շարունակողն էլ Քեմալ Աթաթուրքն էր: Չեմ կասկածում, որ նրա դիմանկարը Ձեր աշխատասենյակներում պարտադիր պատին է: Ու հիմա անձամբ Դուք կամ Թուրքիայի Հանրապետության մյուս ղեկավարները ոչ մի կապ չունե՞ն Քեմալ Աթաթուրքի հետ: Արխիվներում պահվող փաստաթղթերով ինքներդ ձեզ ճանաչելու կարիք ունեք դուք, նախ ինքներդ կարդացեք ձեր արխիվները, անգամ այն փաստաթղթերը, որ 100 տարի զտելուց ու վերացնելուց հետո պահել եք, ձեզ կվերադարձնեն ճիշտ այն պատի տակ, որտեղ Քեմալ Աթաթուրքի նկարն է:

Հայոց ցեղասպանության ճանաչումը ձեզ է պետք, բայց դուք չեք կարողանում ընդունել, որ ձեր պապերը ձախողվեցին, որ հայերը չվերացան, որ Հայաստանը չջնջվեց աշխարհից: Դուք չեք կարողանում ընդունել, որ Հայաստանը կա, որովհետև ձեր մեջ նստած է ձեր պապերի գենը ու թույլ չի տալիս սեփական սխալները ընդունել ոչ 100 տարի առաջվա, ոչ ներկա: Ձեր գիտակցությունը բնազդների մակարդակին է մնացել, բնազդն ասում է՝ պաշտպանվիր:

Երբ հաղթահարեք բնազդներն ու տրամաբանությանը մոտենաք, բաց աչքերով նայեք ձեր ներկա պետությանը, որ կառուցված է ոչ միայն հարևան երկրների հողերի վրա, այլև նրանց պատմության, մշակույթի, ունեցվածքի, արհեստների ու արվեստների յուրացման վրա, կընդունեք, որ ցեղասպանություն եք կատարել ու առաջին հերթին ինքներդ ձեր նկատմամբ, որովհետև այլազգիներին վերացնելու մոլուցքի մեջ՝ ձեր գենն եք դատապարտել այլասերման: Ապրիլի 24-ից ուղիղ մեկ ամիս առաջ, ես, մշեցու եւ կարսեցու ծոռս, անկախ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորս, Ձեզ միայն մեկ հորդոր ունեմ՝ խնայեք Ձեր ազգին, ուղղեք նրա մեջքը ուժից վեր բեռից, անմեղ սպանվածների ուրվականները դեռ ապրում են ձեր տներում, արյունը ջուր չի դառնում: Հետո արդեն կխոսենք մեր ներումի ու ձեր հատուցման մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031