Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լույս են տեսել «Հայոց ցեղասպանության պատկերային նկարները»

Մարտ 24,2015 16:46

Հայ ազգային ինստիտուտը (ՀԱԻ` Armenian National Institute (ANI)), Ամերիկայում Հայոց Ցեղասպանության թանգարանը (AGMA) և Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) հայտարարել են թվով 4-րդ` «Հայոց ցեղասպանության պատկերային նկարներ» թվային ցուցահանդեսի մեկնարկը: Վերջինս համախմբում է միասնական հավաքածուի հիմնական պատկերները, որոնք արձանագրում են Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ դաժան վերաբերմունքը և նրանց պատմական համայնքների լիակատար ոչնչացումը: Ցուցահանդեսը նախատեսված է ծառայելու որպես դյուրամատչելի կրթական գործիք, որը կարող է ցուցադրվել լսարանում թվային կամ տպագիր ձևաչափով:

image001

Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ անգին լուսանկարներ են ոչնչացվել պատերազմի տարիներին և այն, ինչ այսօր մնացել է, ցրված է ամբողջ մայրցամաքներով: Հաշվի առնելով, թե ինչքան լուսանկարներ են կորել, սրանք նույնպես վերապրածների շարքում են. նրանք սպասում էին հարմար պահի՝ վկայելու ականատես եղած իրադարձությունների մասին:

Այժմ այս ցրված նկարները հավաքվում են պատմողական ցուցահանդեսում, որը վերականգնում է Հայոց Ցեղասպանության բազմաթիվ դրվագներ: Դրանք միասին վերստեղծում են երիտթուրքերի վարչակարգի կողմից իրականացրած ահաբեկչության զգացումը և բացահայտում ունեցվածքի զրկման չափն ու հայ ժողովրդի` իր պատմական հայրենիքում ոչնչացումը:

Լուսանկարները հավաքվել են բազմաթիվ պահոցներից, աղբյուրներից և անհատներից, ներառյալ` Միացյալ Նահանգների Ազգային արխիվները, Կոնգրեսի գրադարանը, Մերձավոր Արևելք հիմնադրամը, Օբերլին քոլեջի արխիվը, Մինեսոտա համալսարանի գրադարանը, Կալիֆոռնիայի պետական համալսարանի (Ֆրենզո) Հայագիտական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության Ազգային արխիվը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, ՀԲԸՄ Նուբարյան գրադարանը, Ամերիկայի հայկական համագումարը, Հայազգային ինստիտուտի հավաքածուները, Մաուրիս Քելեչյանը, և «Նեյշնըլ Ջեոգրաֆիկ» հանդեսի լուսանկարիչ Ալեքսանդրա Ավագյանը:

«Ցուցահանդեսը ստեղծում է Հայոց ցեղասպանության ամբողջ ընթացքի համայնապատկերային տեսարանը: Ցեղասպանության այն բոլոր արտահայտումները, որոնք լուսանկարչական արձանագրությունը ցուցադրում է, քայլ առ քայլ ընդգրկում են տեղահանությունները, մահապատիժները, կոտորածները, սպանությունները, սովը, ոչնչացումն ու ավերումը»,-հաղորդեց Հայ ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը:

image003

Շարունակելով իր խոսքը` Ռուբեն Ադալյանը նշեց. ««Հայոց ցեղասպանության պատկերային նկարներ» ցուցահանդեսը` բոլոր 100 խորհրդանշական պատկերների և քարտեզի հետ միասին, ցույց է տալիս երիտթուրքերի` հայ ժողովրդին ոչնչացնելու ծրագրի մասշտաբը, միաժամանակ վերականգնելով կոտորածի, տեղահանության բազմաթիվ արտահայտումներն ու հարատև հետևանքները, և հայերի աքսորը»:

Նա նաև ավելացրեց. «Հավաքելով և դասակարգելով այս հիմնական լուսանկարները` վերականգնվում է Հայոց ցեղասպանության համապարփակ պատկերը, որը դասավանդողներին կծառայի որպես մարդու իրավունքների և նրանց` մի ամբողջ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության տեսքով կիրառված բռնության հետևանքների ուսուցման կառուցողական ուղեցույց»:

Հայ ազգային ինստիտուտի նախագահ Վան Գրիգորյանը հայտարարեց. «Ցուցահանդեսը ստեղծվել է պատվելու Միացյալ Նահանգների դիվանագիտության ծառայության այն օրինակելի գործիչներին, որոնց բարեխիղճ զեկույցները հանդիսանում են Հայոց ցեղասպանության սարսափելի իրադարձությունների մշտական վկայությունը: Նրանց թվում են` Հալեպում ԱՄՆ հյուպատոս Ջես Ջեքսոնը, Խարբերդում ԱՄՆ հյուպատոս Լեսլի Դևիսը, և Կ. Պոլիսում գլխավոր հյուպատոս Գաբրիել Ռավնդալը, գործերի հավատարմատար Ֆիլիպ Հոֆմանը, դեսպաններ Աբրահամ Էլկուսը և Հենրի Մորգենթաուն»:

«Հայոց ցեղասպանության պատկերային նկարներ» ցուցահանդեսը օնլայն ցուցադրությունների թվով 4-րդն է, որը համատեղ ստեղծվել է Հայ ազգային ինստիտուտի (ՀԱԻ` Armenian National Institute (ANI)), Ամերիկայում Հայոց Ցեղասպանության թանգարանի (AGMA) և Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) կողմից և անվճար է՝ ամբողջ աշխարհում տարածելու համար:

1997թ. հիմնված` Հայ ազգային ինստիտուտը Վաշինգտոնում տեղակայված կրթական բարեգործական կազմակերպություն է, և կոչված է Հայոց ցեղասպանության ուսումնասիրմանն ու ճանաչմանը: Հայ ազգային ինստիտուտը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031