Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդա 2»-ի գործով ամբաստանյալներից երկուսը ԱԱԾ նախկին աշխատակիցներ էին եւ բնութագիրը ներկայացվել էր այնտեղից 

Մարտ 24,2015 17:13

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հինգ անգամ չէր հաջողվել հրավիրել դատական նիստ, որը հավակնում էր լինել ամենաաղմկահարույցը, երբ դեռ այս նույն դատարանում «Բանդա 1»-ն էր ընթանում: Սակայն դատարկ նիստերի դահլիճում, բացի ամբաստանյալներից ու նրանց ուղեկցող ոստիկաններից, այլ անձինք չկային:

«Բանդա 2» անունով հայտնի քրեական գործով ամբաստանյալները մեղադրվում են պարագլուխ հանդիսացող Ռաֆայել Հարոյանի գլխավորությամբ գործող զինված, կազմակերպված խմբում մայրաքաղաքի մի շարք տարադրամի փոխանակման կետերում աշխատակիցների վրա ավազակային հարձակումներ կատարելու համար:

Ըստ մեղադրանքի կողմի. «Ռաֆայել Հարոյանի նախաձեռնությամբ ձևավորված և անմիջականորեն նրա ղեկավարմամբ գործած բանդայի անդամները՝ կայուն անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով, ինչպես նաև փոխադարձ սերտ համագործակցությամբ, առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբախշմամբ իրենց վերապահված դերակատարման և ստանձնած պարտականությունների շրջանակներում, իրենց հանցավոր նպատակներն իրականացնելու համար, ապօրինի կերպով ձեռք են բերել 12մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկավաղ հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող՝ 7,62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։ Կազմակերպված զինված խմբի հարձակումները չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ բանդայի անդամներից Կարեն Վարդանյանը, հանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն»:

Այսօր դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց տասներկու հատորներում առկա ապացույցները, որոնք հետազոտվեցին, իսկ պաշտպաններից երկուսն էլ հանդես եկան այս կապակցությամբ հայտարարություններով: Հետազոտվեցին խուզարկության արձանագրությունները, նախկինում ամբաստանյալների դատվածության մասին  ոստիկանության կողմից տրված տեղեկանքները, տուժող Բաբկեն Հովհաննիսյանի հաղորդումը հանցագործության մասին, նրա առողջության հետ կապված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Ի դեպ, տուժողի մարմնից հանվել էին չորս մետաղյա բեկորներ:

banda_2_2 banda_2_4

Ռաֆայել Հարոյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի, ընթերակաները, երբ դեպքի վայրում ներգրավվել են, եղել են Արմեն եւ Համբարձում Սարգսյաններ ազգանուններով, իսկ երբ նրանց բացատրվել են իրավունքների ու պարտականությունների մասին, նրանք դարձել են ըստ արձանագրվածի Բաբայան եւ Հակոբյան ազգանուններով:

Դատարանում հրապարակվեցին ԱԱԾ կադրերի բաժնից տրված երկու տեղեկանքները: Համաձայն այդ տեղեկանքների, իրենց նախկին աշխատակիցներ Տիգրան Հովհաննիսյանն ու Մառլեն Մուրադյանը եղել են քաղաքավարի, գաղտնիք պահող, տիրապետել են զենքին, պահվածքը եղել է զինվորականին վայել:

Երկու ամբաստանյալների ԱԱԾ-ի աշխատակից լինելը, փաստորեն, բացահայտվեց այսօր դատարանում:

Հիշեցնենք, որ Տիգրան Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից գումարներ հափշտակելու նպատակով, նախնական համաձայնության է եկել կնոջ՝ ամբաստանյալ էդիտա Ալեքսանյանի հետ, որը հանդիսանալով նույն բանկի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ, հասանելիություն է ունեցել ավանդատուների բանկային տվյալներին։
Տիգրան Հովհաննիսյանն էդիտա Ալեքսանյանի հետ խմբով, նախնական համաձայնությամբ 2012 թվականի հուլիսի 31-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 309.477.642 ՀՀ դրամին համարժեք 723.940 ԱՄՆ դոլար և 83.668.795 ՀՀ դրամ։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031