Մարտի 24-ին, ժամը 12:00-14:00-ը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն (ՀԿԽԸ) իրազեկման ակցիա անցկացրեց` նվիրված մարտի 24-ի Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Շախմատի դպրոցին հարող պուրակում (Հանրապետության 1) տեղադրվել էր տաղավար, որտեղ ՀԿԽԸ աշխատակիցները և կամավորները հանրությանը բաժանեցին տուբերկուլյոզը լուսաբանող տպագիր նյութեր, պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին:
Այստեղ կարելի էր տեղեկանալ տուբերկուլյոզով վարակվելու ուղիների և բուժման կազմակերպման մասին, լուսանկարվել տուբերկուլյոզի դեմ պայքարի խորհրդանիշը հանդիսացող երիցուկի պատկերով հատուկ պաստառի մոտ` նշանավորելով յուրաքանչյուրի դերը` այս հիվանդության դեմ պայքարում:
Տուբերկուլյոզի դեմ պայքարի օրն ամբողջ աշխարհում համախմբում է մարդկանց ընդդեմ հիվանդության, որն ամեն տարի միլիոնավոր կյանքեր է խլում: Ամեն տարի աշխարհում գրանցվում է տուբերկուլյոզի մոտ 9 մլն նոր դեպք, մահանում է 1.6 միլիոնը:
Կարդացեք նաև
Տուբերկուլյոզը առողջապահական լուրջ խնդիր է մնում նաև Հայաստանում: 2013թ. մեր երկրում տուբերկուլյոզով հիվանդացությունը 100 000 հաշվով կազմել է 36.6, բարձրացել է բարեհաջող բուժման ելքի ցուցանիշը` հասնելով 79.6 տոկոսի:
ՀՀ Առողջապահության նախարարության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում և դեղակայուն տուբերկուլյոզի կառավարման ընդլայնում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրականացնում է ՀՀ-ում գրանցված բոլոր` ինչպես ռեգուլյար, այնպես էլ դեղորայքակայուն ՏԲ հիվանդների սոցիալ-հոգեբանական աջակցությունը` տրամադրելով նաև հիվանդության ու բուժման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և տեղեկատվություն:
Ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ Հիմնադրամի կողմից, որի հիմնական ստացողը հանդիսանում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, իսկ ենթաստացողը`ՀԿԽԸ-ն:
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի և “Էլայ Լիլի և Կոմպանիա” ընկերության աջակցությամբ ՀԿԽԸ-ն ՀՀ Կոտայքի մարզում իրականացնում է «Տուբերկուլոզով հիվանդների կարողությունների հզորացում» ծրագիրը, որի շրջանակներում Կոտայքի մարզի պոլիկլինիկաներում գրանցված ՏԲ հիվանդների և նրանց ընտանիքի անդամների համար կազմակերպված ՏԲ «ակումբներում» տրամադրվում է սոցիալ-հոգեբանական աջակցություն և կրթում-լուսաբանում:
Մարտի 24` Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր
1882 թվականի մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարեց տուբերկուլյոզի հարուցիչի հայտնաբերման մասին։ Դրանից 111 տարի անց` 1993 թվականից ի վեր մարտի 24-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր:
Ներկայում աշխարհում իրականացվող տուբերկուլյոզի դեմ պայքարի համալիր միջոցառումների արդյունքում տուբերկուլյոզի տարածվածությունը սկսել է դանդաղ նվազել և վերջին 15 տարիների ընթացքում աշխարհում հնարավոր է եղել փրկել ավելի քան 37 միլիոն կյանք:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն փաստը, որ տուբերկուլյոզից մահացությունն ու հաշմանդամությունը հնարավոր է կանխարգելել` անընդունելի են տուբերկուլյոզից մահացության և հաշմանդամության դեռևս պահպանվող բարձր ցուցանիշները:
Տուբերկուլյոզի դեմ պայքարում հատուկ շեշտադրվում են հիվանդների լիարժեք առողջացումն ու վարակի տարածման կանխարգելումը: Ներկայումս լայնորեն կիրառվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված ԴՈՏՍ ռազմավարությունը, որը ներառում է ՏԲ-ի ախտորոշման և հիվանդների բուժման արդյունավետ մեթոդներ:
Անկախ հիվանդության ձևից և տուբերկուլյոզի հարուցիչի տեսակից` Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի հայտնաբերումը, ախտորոշումը, կանխարգելումը, բուժումը և հետագա վերահսկումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:
ԺԱՄԱՆԱԿԻՆ ԵՎ ՃԻՇՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԲՈՒԺՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԸ ԼԻԱՐԺԵՔ ԲՈՒԺՎՈՒՄ Է:
Հայկական Կարմիր խաչի ընկերություն