ԱԺ-ում քննարկվում է մի փաթեթ, որի հետ կապված մի շարք խնդիրներ են տեսնում ինչպես ընդդիմության, այնպես էլ ՀՀԿ պատգամավորները: Խոսքը Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Արծվիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի, Սուքիաս Ավետիսյանի եւ Մհեր Շահգելդյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում, ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի մասին է: Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ում ստեղծվի փորձագետների աշխատանքային խումբ՝ Բյուջետային գրասենյակ, որը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին կտրամադրի մասնագիտական աջակցություն եւ տեղեկատվություն:
Բյուջետային գրասենյակ ստեղծելուն դեմ են ԲՀԿ պատգամավորները: Ստեփան Մարգարյանի խոսքերով՝ նման ճոխություն թույլ տալ մեզ չենք կարող եւ պետք է գնանք ծախսերը կրճատելու ճանապարհով:
Միքայել Մելքումյանի դիտարկմամբ՝ «Մեզ չասվեց, թե ինչ է մեզ տալու այդ գրասենյակը: Ամեն ինչ չէ, որ միջազգային պրակտիկայում կա, պետք է բերել այստեղ: Եթե գաք ասեք, որ սա կարեւոր փաստաթուղթ է եւ պատասխանատվության գործիքն է ավելացնելու, երկու ձեռքով կողմ եմ: Բայց սա ընդամենը մի փաստաթուղթ է, որին ես դեմ եմ քվեարկելու»:
Թեւան Պողոսյանը կողմ է, որ ստեղծվի բյուջետային գրասենյակ. «Պարտավոր ենք ընդունել դա եւ վերահսկողություն կատարել:
Կարդացեք նաև
Էդմոն Մարուքյանը զարմացած էր՝ ո՞նց կարող է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը դեմ լինի, որ օրենսդիր մարմնին լրացուցիչ վերահսկողական գործառույթներ տան. «Անպայման պետք է այդ գրասենյակը մեզ: Պետք է պատգամավորները հասկանան՝ ինչքան փող է հավաքվում եւ ինչպես է այդ գումարը ծախսվում»:
ՀԱԿ խմբակցության անունից հանդես գալով՝ Գագիկ Ջհանգիրյանն ասաց. «Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց միջոցով: Մեռնեմ Սահմանադրությանը: Հիմա այս գրասենյակը որ ստեղծում ենք, ո՞ր մարմնի մեջ ենք տեղավորում՝ գործադիրի՞՝ ոչ: ԱԺ-ի՞՝ հա՛մ տեղադրել ենք, հա՛մ չենք տեղադրել, օրենսդիրի հետ կապ չունի: Մենք էլի ունե՞նք մարմիններ, որոնք ոչ մի ճյուղի մեջ չեն տեղավորվել՝ Հակամենաշնորհային հանձնաժողովներ, ԿԲ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ այլն: Բայց այդ բոլորի ստեղծումը նախատեսված է Սահմանադրությամբ: Այս գրասենյակինը չկա: Սա մարմին չի, Արծվիկ Մինասյանն էլ է ասում: Մարմին չի, ուրեմն ո՞ր մարմնի կառուցվածքային ստորաբաժանումն է: Եթե մարմին չի, ի՞նչ է, ո՞նց կարող եք ԱԺ-ի աշխատակազմի հաստիքի մեջ դնել, բայց ԱԺ աշխատակազմինը չլինի: Եթե մարմին չի, ինչո՞ւ եք այդպիսի լիազորություններ դուք նախատեսել, ընդ որում,նշել եք, թե ինչ արդյունքներ կլինեն՝ տեղեկանքներ տալ եւ այլն: Հո այդ տեղեկանքը ինքը չի՞ արտադրում: Ոնց որ ԺԵԿ լինի՝ տեղեկանք է տալիս: Սա ի՞նչ է՝ օժանդակ մարմին, լոբի ուտողների միություն ա, գարեջուր խմողների ակումբ ա, ՀԿ է, ի՞նչ է: Բա որ պետական մարմին չի՝ ինչի՞ եք աշխատավարձ տալիս: Եթե դուք Վերահսկիչ պալատի նախագահին չեք վստահում՝ հանեք դրան: Բայց մարմիններ սարքելով ո՞նց կլինի: Դուք գնում եք նպատակահարմարության սկզբունքով, ոչ թե Սահմանադրության: Դա կործանելու է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ