«Վրաստանում տնտեսական խնդիրները լուրջ ազդեցություն են ունեցել վրացական կառավարության հեղինակության վրա»,- մարտի 24-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վարչության անդամ Նարեկ Մինասյանը:
Նրա խոսքերով՝ Վրաստանում վերջին շրջանում աճել է դժգոհությունը կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականության վերաբերյալ. «Բացի այդ խնդիրներից՝ լուրջ քննադատության առարկա դարձավ մարտի 18-ին Մոսկվայի եւ Ցխենվալիի միջեւ կնքված դաշնակցական գործընկերության մասին պայմանագիրը: Դա մի կողմից մտահոգություն է հենց վրացական կառավարության կողմից, սակայն գործնականում Վրաստանը որեւէ կերպ չկարողացավ կանխել այդ գործընթացը՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ որեւէ պրակտիկ երկխոսություն այդ թեմայով տեղի չունեցավ»:
Նարեկ Մինասյանը հավելեց, որ վրացական ընդդիմությունը օգտվել է ստեղծված իրավիճակից՝ քննադատության ենթարկելով կառավարության գործողությունները. «Վրացական ընդդիմությունը փորձեց նոր դիվիդենտներ քաղել, մասնավորապես՝ ամրապնդելով իր դիրքերը եւ փորձելով ներգրավել նոր համախոհներ: Բացի քննադատություններից՝ ընդդիմադիր կուսակցությունները առաջարկեցին նաեւ տարբեր խնդիրների ծրագրային լուծումներ: Ճիշտ է, դրանք չէին ընդունվում, բայց ժողովրդի ընկալումներում այլ ազդեցություն էին թողնում»:
Նրա կարծիքով՝ Սահակաշվիլիի կողմնակիցների կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնությունը իրատեսական չէ, քանի որ Վրաստանի ընդդիմադիր ուժերը բավարար պատգամավորական մանդատներ չունեն: Նա անդրադարձավ նաեւ մարտի 20-ին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կազմակերպած բողոքի ակցիային. «Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը փորձեցին մանիպուլյացիայի ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցների թվաքանակը: Մի կողմից ընդդիմությունը հայտարարում էր, որ մասնակցել է մոտավորապես 50 հազար մարդ, իշխանություններն ասում էին, որ դա խիստ չափազանցված է, ներկա է գտնվել 5-7 հազար առավելագույնը՝ 10 հազար ցուցարար: Սակայն, իրականացված անկախ հետազոտությունը ցույց է տալիս, որ մասնակիցների քանակը մոտավորապես 37-38 հազար է եղել»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ