Լրահոս
Օրվա լրահոսը

Ծննդաբերության ժամանակ մահացած 38-ամյա կնոջ ամուսինը բողոքով դիմել է Սերժ Սարգսյանին

Մարտ 24,2015 15:38

Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում անցած տարվա մայիս ամսին 3-րդ երեխան ծննդաբերելու ժամանակ մահացած Կարինե Պապանյանի ամուսինը՝ Սամվել Հովհաննիսյանը, բողոքով դիմել էր Aravot.am-ին: Ըստ նրա, քննչական մարմինը ամեն կերպ ձգձգում ու փորձում է կոծկել իր կնոջ մահվան հանգամանքները: Սամվել Հովհաննիսյանի ներկայացմամբ, նրա մահից 10 ամիս է անցել, սակայն  դատաբժշկական փորձաքննության պատասխանը դեռ չի եկել, որը, ըստ էության, պիտի պատասխաներ այն հարցին, թե ինչի՞ց է մահացել կինը:

«Ես այսօր բողոք հղեցի Սերժ Սարգսյանին ՝ խնդրելով, որ իմ կնոջ մահվան փաստով չզբաղվեն հայ իրավապահները, կնոջս ու երեխայիս գլուխը բժիշկը կերավ, բայց պատասխան տալ չեն ուզում: Ուզում են գրչի մի հարվածով պատասխանատվությունից խուսափեն, գրում են, թե իբր էմբոլիայից է մահացել ու վերջ..

Գնացել եմ առողջապահության նախարարություն, տեղակալի մոտ եմ մտել, ինձ ասում են՝ բժիշկը իրավունք չունի՞ սխալվելու, օջախս են քանդել ու տեսեք պատասխան…Ինձ Շիրակի մարզի դատախազությունում ասացին, որ դու կարող ես դիմում գրել քննիչին ու մասնակցել դատաբժշկական փորձաքննությանը: Ես գնացի քննչական, քննիչը ինձ ֆռռացրեց՝ասելով, թե գնաս ինչ պիտի անես, դրանք թղթեր են, որից գլուխ չես հանի: Գնում եմ թիվ 2 պոլիկլինիկա, որ կնոջս ամբուլատոր քարտը վերցնեմ, էդ քարտի մեջ որոշ բաներ են գրված այն մասին, որ բժիշկը պարտավոր էր կեսարյան հատում  անել կնոջս, չեն տալիս, ինձ սպառնում են, թե մյուս անգամ էստեղ երևացիր, քեզ միլիցիա կտանք…

Կնոջս դիահերձեցին առանց քննչականի, դե պատկերացրեք, ինչ է կատարվում… Ես զգում եմ, որ քնեցնում են գործը, ես զգուշացրել եմ, որ արտաշիրմում կպահանջեմ, զգում եմ, որ իրենք խաբեբայի պես ման են գալիս: Բժիշկը կնոջս ծննդաբերելու պահին հիվանդանոցում չի էլ եղել, մինչև եկել է, կինս հոգին տվել է, բայց մայրս է տեսել երեխայի գլուխը:Կնոջս սիրտը տրաքել է, անգամ ցնցումների մեջ է եղել, բայց օգնող չի եկել, ինձ պատասխան պիտի տան, գրիչի հարվածով չէ մարդու կյանքը:

Մի բան էլ ինձ հարցնում են՝ էդ դու ի՞նչ ես աշխատում, որ ահ ես տալիս, ես ահ չեմ տալիս, ես պահանջում եմ ճշմարտությունը բացահայտել: Ես հանրապետության դատախազին էլ նամակ գրեցի, բայց ինքը թողեց մեր դատախազի հույսին, այստեղ էլ ասում են, եթե մեղավոր լինի, բժիշկը պատասխան կտա: Ես ասել եմ, որ բժիշկը իր շրջապատում հայտարարել է, թե հազիվ պրծա էդ գործից, իսկ դատախազությունում ասում են, թե դա անհավանական է, դեռ դատաբժշկական փորձաքննության արդյունքները չեն եկել»:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեզ փոխանցեց, որ համապատասխան հանձնաժողովի դատաբժշկական եզրակացությունը իրենք դեռ չեն ստացել, դա իրենցից կախված չէ, սակայն Սամվել Հովհաննիսյանը եկել է իր մոտ ընդունելության, ինքը բացատրել է, որ վերջինս իրավունք ունի մասնակցել դատաբժշկական փորձաքննությանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031