Լրահոս
Օրվա լրահոսը

Տուբերկուլյոզով հիվանդ աշխատանքային միգրանտները ՌԴ-ում պետք է զգուշացնեն, որ իրենց բուժումը շարունակեն

Մարտ 24,2015 15:35

Տուբերկուլյոզով հիվանդ աշխատանքային միգրանտները, որոնք Ռուսաստան են մեկնում արտագնա աշխատանքի, պետք է այնտեղ զգուշացնեն իրենց հիվանդության մասին, որպեսզի բուժումը շարունակեն: Այսօր առողջապահության նախարարությունում «Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա» առիթով կազմակերպած ասուլիսում ասաց առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը: Ըստ նրա, Ռուսաստանից եկած քաղաքացիներն էլ մեր երկրում են բուժվում:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանի, Հայաստանը դեռեւս շարունակում է մնալ 18 այն երկրների ցանկում, որտեղ բազմադեղակայուն տուբերկուլյոզը բավականին բարձր ցուցանիշ է կազմում. «Խնդիրն այստեղ այն է, որ ներկայումս առկա հակատուբերկուլյոզային առնվազն երկու դեղամիջոցի հանդեպ ձեւավորվել են կայունություն եւ անհրաժեշտ են նոր դեղամիջոցներ, որպեսզի կարողանան պայքարել»:

Նշենք, որ ԱՀԿ-ն եվրոպական տարածաշրջանի համար ռազմավարություն է մշակել, որով նախատեսում է այդ տարածաշրջանի երկրներում մինչեւ 2020 թվականը 35 տոկոսով նվազեցնել մահացությունը, նոր դեպքերի նվազեցումը` 25 տոկոսով եւ բազմադեղակայուն տուբերկուլյոզի համար 75 տոկոս բուժման արդյունավետություն ապահովել:

Տուբերկուլյոզի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանն ասաց, որ

Հայաստանում տուբերկուլյոզի լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունը, բուժումը բոլոր խավերի համար անվճար է եւ այդ ծախսերը հոգում է Հայաստանի կառավարությունը:
Չնայած ԱՀԿ-ի տվյալների, Արմեն Հայրապետյանն ասաց, որ մեր երկիրը, տուբերկուլյոզի համաճարակաբանական ցուցանիշների բարելավում ունի եւ տասը տարվա համեմատությամբ հիվանդացության մակարդակը գրեթե կեսով նվազել է, իսկ մահացության ցուցանիշը նվազել է երեք անգամ:

2014 թվականին տուբերկուլյոզի հիվանդացության մակարդակը Հայաստանում կազմել է 34,7 տոկոս, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է ընկնում 34 տուբերկուլյոզով հիվանդ: Մահացության ցուցանիշը 1,6 տոկոս է, այսինքն` յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով` 1,2 դեպք:

Բազմադեղակայուն տուբերկուլյոզի դեպքերի նվազում նույնպես արձանագրվել է. պարոն Հայրապետյանի տվյալներով, Հայաստանում 2014 թվականին 92 հիվանդ է գրանցվել:

Գայանե Ղուկասյանի տվյալներով, 2013 թվականին տարածաշրջանում գրանցվել է 380 հազար տուբերկուլյոզով նոր դեպք եւ 38 հազար տուբերկուլյոզից մահ եւ այս ամենը արեւելյան եւ եվրոպական երկրներում. «Տուբերկուլյոզի բեռը հավասարաչափ չէ բաշխված տարածաշրջանում նոր դեպքերի 84 տոկոսը, հիվանդացության 85 տոկոսը, բազմադեղակայուն տուբերկուլյոզի գրեթե 100 տոկոսը, տուբերկուլյոզ-ՄԻԱՎ համակցված վարակի 90 տոկոսը բաժին են ընկնում, այսպես կոչված, բարձր առաջնահերթության 18 երկրներում: Հայաստանը, ցավոք, մտնում է այս երկրների մեջ, այս երկրներում բազմադեղակայուն տուբերկուլյոզը բավականին բարձր ցուցանիշ է կազմում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031