Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Նազարյան. «Դուք նենց հարց եք տալիս, որ ես պետք է առնվազն Ադրբեջանում լինեի»

Մարտ 24,2015 15:07

Ազգային ժողովում այսօր ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը պատասխանեց լրագրողների հարցերին` ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված տեսանյութի` մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայողի մասին:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում՝  հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:

Զրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ եւ առանց մեկնաբանությունների:

– Պարոն Նազարյան, ի՞նչ եք կարծում, սահմանը լքած զինվորի մասին տարածած ադրբեջանական տեսանյութը ռեժիսուրայի՞ ժանրից է:

– Դուք նենց հարց եք տալիս, որ ես պետք է առնվազն Ադրբեջանում լինեի, որ տեսնեի սարքե՞լ են, թե՝ չէ: Ասում եք` մանրամասն ներկայացրեք տեղի ունեցածը: Ի՞նչ է նշանակում մանրամասն ներկայացնել, մանրամասն պիտի տիրապետենք, չէ՞, որ ներկայացնենք: Ո՞նց մանրամասն տիրապետենք, նոր ուսումնասիրում ենք: Մենք գիտենք, որ անցել է հակառակորդի կողմը, պատճառներն ու նպաստող հանգամանքները ուսումնասիրվում են:

– Հոգեկան հիվանդ լինելու խոսակցությունների մասին ի՞նչ կասեք:

– Չեմ կարող ոչ մի բան ասել, այս պահին ուսումնասիրվում է: Դուք ուզում եք միանգամից պատասխան ստանաք երեկվա կատարված արարքի մասին: Ո՞նց կարա լինի տենց, հիմա պետք է ուսումնասիրվի չէ՞: Հիմա ես անպատասխանատու հայտարարություն անե՞մ: Դուք կանե՞ք նման բան:

– Իսկ ո՞ւմ է դիմել ՊՆ-ն, որպեսզի օգնեն զինվորին:

– Կարմիր խաչը միշտ համագործակցում է Պաշտպանության նախարարության հետ և բոլոր պատկան կառույցները իրազեկված են:

– Այս դեպքի պատասխանատվությունը ո՞ր կառույցի վրա է ընկնում:

– Պատասխանատվությունը կոնկրետ անհատի վրա է ընկնում:

– Իսկ ՊՆ-ի մեղավորությունը չկա՞, չէ՞ որ համապատասխան զգոնություն չի ցուցաբերվել:

– Ինչի՞ պաշտպանության նախարարության, ի՞նչ է նշանակում… դեռ պատճառները կուսումնասիրեն կտեսնենք ի՞նչն է եղել պատճառը, դուք միանգամից ուզում եք մեղավոր ման գաք, ըտենց ո՞նց կլինի: Ես չեմ հասկանում Ձեր մոտեցումը:

– Կարծիք կա, որ ինքնապաշտպանության առումով խնդիր կա, այսինքն սահմանին կանգնած չեն ավելի փորձառու անձինք:

– Կանգնած են փորձառու անձինք, բոլորն էլ փորձառու են, այնտեղ պատահական մարդիկ չկան: Դուք հիմա ուզում եք հակառակորդի սադրանքները վերագրեք մեր վրա՞: Իսկ դուք ինչո՞ւ  չեք պնդում, որ Ադրբեջանը իր զոհերի քանակը ասի, փակել է՝ չի ասում: Մենք թափանցիկ ասում ենք, մեղադրանքներ եք ներկայացնում:

– Այս ամենը կարո՞ղ է տանել պատերազմի վերսկսման:

– Ես չեմ կարծում պատերազմ վերսկսվի: Դա իմ անձնական կարծիքն է, դա իրենց ձեռնտու չէ:

Գրի առավ`Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031