Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Հիմնադիր խորհրդարանը ապրիլի 24-ին

Մարտ 24,2015 14:52

«Մեր երկիրն արտակարգ իրավիճակում է գտնվում և արտակարգ գործողություններ են անհրաժեշտ», – այսօր ՀՀ քաղաքացիների և Հիմնադիր խորհրդարանի միջև պայմանագրերի կնքման արարողությանը հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը: Ըստ նրա՝ մեր երկիրն այսօր սնանկացման եզրին է: Որպես ելքի ճանապարհ՝ նա համարում է երկու տարբերակ. «Սննկացող ընկերությունների փորձը հուշում է, որ զարգացման երկու տարբերակ կա. լիկվիդացում կամ վերակազմավորվում: Այս դանդաղ մահացման ընթացքը ի վերջո հանգեցնելու է լիկվիդացման»:

Նշենք, որ Հիմնադիր խորհրդարանը ներկայացրեց ՀՀ քաղաքացիների և Հիմնադիր խորհրդարանի միջև կնքվելիք պայմանագիրը, ռեժիմը հեռացնելուց հետո անցումային փուլում նոր Սահմանադրության մշակման, ընդունման և դրան համապատասխան ընտրությունների կազմակերպման վերաբերյալ Հիմնադիր խորհրդարանի մոտեցումները:

Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը ներկայացրեց որոշ մանրամասներ. «Գործող Սահմանադրության ժամկետը լինելու է երկու տարի: Գործող Սահմանադրության բաժիններից պահպանելու ենք նախաբանը, առաջին և երկրորդը գլուխները»: Հարցին՝ Ժիրայր Սեֆիլյանը պայմանագիր ստորագրե՞լ է, պարոն Ավետիսյանը հիշեցրեց, որ նա ՀՀ քաղաքացի չէ, ինչն էլ վկայում է այն մասին, որ գործ ունենք հակահայկական և հակամարդկային պետական համակարգի հետ:

Գարեգին Չուգասզյանը հիշեցրեց տարեսկզբին տեղի ունեցած ֆինանսական ճգնաժամը, Գյումրիի, բերձորյան դեպքերը և նկատեց. «Բոլորի համար ակնհայտ է, որ այսօր Հայաստանը արհեստական շնչառության է միացված»:

Որպես այս իրավիճակից ելքի ճանապարհ՝ պարոն Չուգասզյանը համարում է քաղաքացիական անհնազանդությունը, որը ամենաուշը կմեկնարկի ապրիլի 24-ին: Aravot.am-ի հարցին՝ արդյոք այս որոշումը չի՞ վերանայվել, մանավանդ, որ բազմիցս քննադատվել է այս որոշումը՝ նշելով, որ ապրիլի 24-ը այդ օրը չէ ու իշխանության կեցվածքն էլ այնպիսին է, որ ցանկացած խնդիր, որ կառաջանա այդ օրը, մնալու է Հիմնադիր խորհրդարանի պատասխանատվության ներքո, պարոն Չուգասզյանը պատասխանեց. «Ապրիլի քսանչորսը ոչ միայն հիշատակի օր է, այլ նաև պայքարի օր է. այն օրն է, երբ մեր ժողովուրդը հիշում է մեր կորուստները: Քաղաքացիական անհնազանդությունը ժողովրդի սահմանադրական իրավունքն է: Եթե այդ իրավունքը չի պահպանվում և բռնության է ենթարկվում, ժողովուրդն իրավունք ունի ինքը վերականգնելու իր իրավունքները»:

Դիտարկմանը՝ արդյոք Հիմնադիր խորհրդարանը նույն գործը չի՞ կատարում, ինչ Սերժ Սարգսյանը, նա էլ է Սահմանադրություն փոխում, Գարեգին Չուգասզյանը պատասխանեց. «Մենք գիտակցում ենք, որ այն, ինչ այսօր վարչախումբը ձեռնարկում է, ընդամենը իր իշխանության ամրապնդման համար է արվում: Որևէ ազգային նպատակ չի հետապնդում»:  Զուգահեռների հետ կապված Վարուժան Ավետիսյանը նշեց. «Նրանք քանդում են, մենք սարքում»:

Ինչո՞ւ պետք է իրենց պայմանագիրը ստորագրեն, մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական պայմանագիրը որևէ արդյունք չտվեց, պարոն Չուգասզյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանի նախաձեռնածը հայտարարված նախաձեռնություն է, այնտեղ դեռ գործնական քայլեր չեն արվել: Իսկ այն գործընթացը, որ մենք սկսել ենք, երկար նախապատրաստություն է անցել»:

Հարցին՝ հնարավո՞ր է Հիմնադիր խորհրդարանը վերածվի կուսակցության, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Չի բացառվում. փորձանքից ոչ ոք ապահովագրված չէ»:

Հստակեցմանը՝ ապրիլի 24-ին ի՞նչ քայլեր են սպասվում, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Իմպրովիզի տարրեր էլ կլինեն, բայց մարտավարական ուղղությունները նույնն են մնալու. դրանք հրապարակման ենթակա չեն»:

Aravot.am-ը զրուցեց պայմանագիր ստորագրած քաղաքացիների հետ: Վիրաբ Ստեփանյանն ասաց. «Միացել եմ Հիմնադիր խորհրդարանին, քանի որ արդեն վերջն է, պետք է պայքարել: Պայքարելու եմ բոլոր հնարավոր ձևերով, որոնք տվյալ պահին կլինեն նախընտրելի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031