Քիչ առաջ խորհրդարանը միաձայն որոշմամբ՝ 117 կողմ քվեարկության արդյունքներով ընդունեց ԱԺ 6 խմբակցությունների կողմից մշակված «1915-1923 թթ Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարությունը:
Նկատելով, որ քվեարկությունից առաջ նորից քննարկում է ծավալվում մի հարցի շուրջ, որի մասին երեկ ողջ օրը խոսվել է, Ալեքսանդր Արզումանյանը հորդորեց. «Ես մի խնդրանք ունեմ: Մենք հաճախ դժգոհում ենք, որ արտահերթ նիստեր են լինում, բայց երեկ մենք մի ամբողջ օր կորցրեցինք ՝քննարկելով մի հարց, որին բոլորը բացարձակապես կողմ են: Ասում են նույն բաները: Սրանք այն հարցերը չեն, խնդրում եմ, մենք բոլորս ճանաչում ենք ցեղասպանությունը եւ չարժի այդ մասին 10-10 րոպե ամեն մեկս ելույթ ունենանք: Քվեարկենք՝ անցնենք: Ինչ վերաբերում է եզդիներին, սա իրոք քննարկվում է արդեն քանի տարի է: Կքննարկենք, ելք կգտնենք: Բայց հիմա հորդորում եմ, որ նորից չսկսենք բացատրել, որ մենք բոլորս, որպես ցեղասպանված ժողովուրդ կողմ ենք…Կողմ եք՝ քվեարկեք, անցնենք գնանք»:
Նրա կոչն ընդունվեց ԱԺ-ում ծափերով:
Սակայն Հրանտ Բագրատյանը, որը նախապես ձայն էր խնդրել խոսելու, դժգոհեց ու դիտողություն արեց. «Պարո՛ն Արզումանյան, մի՛ շտապեք: Երբ որ մենք խոսում ենք, իզուր տեղը չենք խոսում: Եթե ուշադրություն դարձնեք ով ինչ է խոսում, խոսվել է նպատակադրված եւ ով ունի մեծ ասելիք: Մի՛ շտապեք, առանց էդ էլ մեր բերանը փակող շատ կա այստեղ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ