Լրահոս
Օրվա լրահոսը

Այս դեպքը վերելակի անսարքության պատճառով առաջին ողբերգական պատահարը չէ. «Հայոց աշխարհ»

Մարտ 24,2015 12:55

Մարտի 21-ին Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին շենքում ողբերգական դեպք է գրանցվել վերելակի անսարքության պատճառով:
14 հարկանի շենքի վերելակի ճոպանները պոկվել են, եւ մարդատար խցիկը սրընթաց վայր է ընկել: Վթարի հետեւանքով մահացել է այդ պահին վերելակում գտնվող 36-ամյա Արփինե Շահբազյանը, որը այդ շենքի բնակիչ չէր, ընդամենը գործով այցելել էր 11-րդ հարկի բնակիչներից մեկին եւ հետդարձի ճանապարհին վթարի ենթարկվել:

Այժմ դեպքի առնչությամբ քննություն է ընթանում, որի ժամանակ էլ թերեւս կպարզվեն տեղի ունեցածի մեղավորները, եւ այդքանով քննությունը կավարտվի: Համենայն դեպս նախկինում եղած նման դեպքերը դրա ապացույցն են՝ մարդկային կյանքերի համար ոչ ոք այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվում, եւ միակ մեղավորը մարդասպան վերելակն է դառնում։

Նկատենք, որ, շենքի բնակիչների պնդմամբ, մարդասպան վերելակը մի քանի տարի առաջ մեկ անգամ էլ է պոկվել ու ընկել, բարեբախտաբար այդ ժամանակ վերելակում գտնվողը կենդանի է մնացել:

Բայց այդ դեպքից հետո շարունակել են օգտվել խափանված վերելակից՝ ռուսական ռուլետկայի տարբերակով, չնայած նրան, որ վերելակը հաճախ է «օյիններ» խաղացել բնակիչների գլխին. օրերով անսարք կանգնել է, եւ բնակիչները ստիպված են եղել օգտվել աստիճաններից:

Պարզվել է նաեւ, որ վերելակը վերջին երկու տարիներին փորձաքննություն չի անցել, այն դեպքում, երբ ընթացակարգը պահանջում է, որ ամեն տարի պատկան մարմնի կողմից երկրի բոլոր վերելակները պետք է փորձաքննվեն եւ անհրաժեշտության դեպքում վերանորոգվեն կամ շահագործումից դուրս բերվեն:

Ի դեպ, այս դեպքը վերելակի անսարքության պատճառով առաջին ողբերգական պատահարը չէ: Վերջին տարիներին նման մի քանի վթարներ են գրանցվել, որոնց մի մասն էլ՝ մահացու ելքով:

Հիշենք 2009թ. նոյեմբերի 25-ին Էրեբունի համայնքի Խաղաղ Դոնի 19 շենքում եղած ողբերգությունը, որի ժամանակ անսարք վերելակի զոհ դարձավ 34-ամյա Աղավնի Կիվրիկյանը: Երկու տարի անց Եզնիկ Կողբացի 3ա շենքի վերելակի հորանն էր ընկել ութամյա Էդգար Հարությունյանը: Բարեբախտաբար նա ողջ էր մնացել՝ ստանալով մարմնական վնասվածքներ: Դրանից հետո նման վթարների դեպքերը չեն դադարել, մինչդեռ ողբերգական պատահարները պետք է զգոնության մղեին այն կառույցներին, որոնք պատասխանատու են վերելակների անխափան աշխատանքի համար:

Իսկ զգոնության համար պատճառները ծանրակշիռ են, որովհետեւ Երեւանի բազմաբնակարան շենքերում վերելակների զգալի մասի շահագործումը խիստ ռիսկային է այն պատճառով, որ դրանք վաղուց են իրենց դարն ապրել՝ 50-60 տարվա վաղեմություն ունենալով: Մինչդեռ վերելակների տեխնիկական անձնագրում դրանց շահագործումը սահմանափակվում է 25 տարով: Որից հետո վերելակները պետք է փոխարինվեն նորերով:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031