Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյան. «Բիզնեսը`բիզնես, բայց մեր զինվորն ա չէ՞ զոհվում»

Մարտ 24,2015 12:38

«Երեւում էր, որ սարքած էր»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն`անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված տեսանյութին` մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայողի մասին:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում՝ հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:

Ի՞նչն էր պատճառը, ի՞նչն էր ստիպել մեր զինվորին անցնել ադրբեջանական սահմանը, արդյոք դա հոգեկան խանգարում ունեցողի վարքագի՞ծ էր`լրագրողների հարցերին, Սեյրան Սարոյանն ասաց. «Ի՞նչ իմանամ, իրան հարցրեք: Կարող ա հոգեկան հիվանդ էր ճիշտ ես ասում: Կամ էլ`թուրքի արյուն կա մեջը»:

Aravot.am-ի հարցին`ի՞նչ են ուզում դրանով ադրբեջանցիները մեզ ասել, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Փորձում են փնովել մեր բանակը: Էսա, քաղաքականություն ա, էլի»:

Մեր հաջորդ հարցին`հնարավո՞ր է դա պատասխան էր Սերժ Սարգսյանի կողմից`Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին հայտարարության, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Չէ, չէ, չէ»:

Լրագրողներից մեկի հարցին`ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նման հայտարարություն արեց, նա հարցով պատասխանեց. «Թազա բա՞ն ա ասել: Թազա բան չասեց»: Հստակեցնող դիտարկմանը, դա որակվում էր իբրեւ բիզնես, բայց նախագահը հրապարակային դժգոհություն արտահայտեց, նա պատասխանեց. «Տենում ենք, չէ՞ ռեզուլտատն ինչ ա: Բիզնեսը`բիզնես, բայց մեր զինվորն ա չէ՞ զոհվում»: Հետո հավելեց. «Բայց նախագահը կարա՞ Ռուսաստանին ստիպի, որ առեւտուր չանի, հետաքրքիր մարդիկ եք: Ո՞նց կարա»: Լրագրողներից մեկը նկատեց`բայց չէ որ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական գործընկերն է, Սեյրան Սարոյանը հարցով պատասխանեց. «Բայց կարա՞մ էթամ Ռուսաստանին հարցնեմ`ինչի՞ համար եք անում»: Դիտարկմանն էլ, որ կարող է հարց բարձրացնել, քանի որ պատգամավոր է, ասաց. «Իրանք ասում են`էդի մեր առեւտուրն ա: Մենք ձեզ էլ ենք զենք ծախում»:

Հարցին ի պատասխան`ինչո՞ւ նախագահը հիմա խոսեց, ինչո՞ւ առաջ չէր խոսում ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին`ՀՀԿ-ական պատգամավորը տարակուսեց. «Ի՞նչ խոսար: Ասենք որ խոսաց՝ բան փոխվա՞վ, ռուսը էլ չի՞ ծախում: Մենակ հո խոսալով չի»: Լրագրողների տարակուսանքին, որ նախագահը հայտարարությունն առ ոչի՞նչ էր, Սեյրան Սարոյանը հակադարձեց. «Հիմա դուրս ա գալի, որ ռուսի հետ էլ վատամարդ դառանք, հետո ի՞նչ ենք անելու: Մթոմ ի՞նչ»:

Հարցին`գուցե իսկապես արժե, որ մի անգամ կոշտ խոսել ՌԴ-ի հետ, նա յուրօրինակ բացատրություն տվեց. «Լսի, հիմա ոնց որ դու իմ հետ կոշտ խոսաս: Կլնի՞: Չի լինի չէ՞: Ուժերի տեսակետից եմ ասում էլի»: Լրագրողը հստակեցրեց`Դուք ավելի՞ ուժեղ եք, ի՞նչ կանեք: Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Հո չեմ ծեծելու քեզ, ուղղակի օրինակ եմ բերում, որ իմանաս: Ուժեղի մոտ միշտ էլ թույլն ա մեղավոր»:

Սեյրան Սարոյանը նաեւ հավելեց, որ Ադրբեջանին վաճառված զենքը մի օր էլ ՌԴ-ի դեմ է կրակելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Երվանդ says:

    Զարմանալի է թե էս մտածելակերպի գենարալներով ոնց ենք հաղթանակներ տարել

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031