Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ահազանգ փաստաբանների պալատից. Կապանում փաստաբանի են հետապնդում

Մարտ 24,2015 12:26

Փաստաբանների պալատի անդամները մտահոգված են Կապանում փաստաբանությամբ զբաղվող իրենց գործընկերոջ՝ Արշավիր Խալափյանի դեմ առաջադրված մեղադրանքներից:

Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում փաստաբանների պալատի փոխնախագահ Կարեն Մեժլումյանն ասաց, թե լուրջ կասկածներ ունեն, որ իրենց գործընկերոջը հետապնդում են փաստաբանական գործունեության պատճառով. «Խալափյանը բազմաթիվ գործեր է ունեցել ու ունի համայնքային մարմինների, մարզպետարանի հետ կապված ու առեւտրային խոշոր կազմակերպությունների դեմ: Ըստ նրա, հենց այդ հանգամանքներով էլ պայմանավորված են նրա դեմ սկսված հետապնդումները:

Նա ամբաստանվում է առեւտրային կաշառք պահանջելու մեջ, ու այդ գործն արդեն դատարան է մտել: Փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հայտարարություն էր տարածել, որ այն արարքը, որում մեղադրվում է Խալափյանը՝ առեւտրային կաշառք հանցակազմի մեջ չի կարող մտնել. «Նրան սեփականության իրավունքով պատկանող տան մոտ ոմն Աշոտ Կոյումջյանը ցանկացել է ավտոտնակ կառուցել, Արշավիր Խալափյանը հարցումներ է արել Կապանի քաղաքապետարան՝ պարզելու թույլտվության օրինականությունը: Պատասխանները ստանալուց հետո դիմել է դատարան, որ պարտավորեցնեն Կոյումջյանին քանդել այդ կառույցը, որից հետո քաղաքապետարանն է վարույթ սկսել ու վարչական պատասխանատվության ենթարկել Կոյումջյանին: Հիմա Արշավիր Խալափյանին մեղադրում են, որ այդ դիմումներից հետո հանդիպել է Կոյումջյանի հետու 1500 դոլար պահանջել. այդ արարքը դիտարկում են որպես առեւտրային կաշառքի պահանջ»:

Փաստաբան Արմինե Ֆամյանն էլ նշեց, որ Խալափյանը՝ իբրեւ քաղաքացի է դիմել Կապանի քաղաքապետարան. «Մեր ձեռքի տակ է գտնվում Արշավիրի՝ Կապանի քաղաքապետին ուղղված հարցման օրինակը, սա սովորական քաղաքացի է դիմել իր իրավունքների պաշտպանության մասով: Այս հարցումը պարզապես քաղաքացու կողմից է արված»:

Նա նաեւ պատմեց, որ մի այլ մեղադրանք էլ են Կապանի փաստաբանի դեմ առաջ քաշել՝ Սամվել Սարգսյանի կողմից ապօրինի գերեզմանատներ հատկացնելու փաստի առիթով.«Իբրեւ թե նա պահանջել է Սամվել Սարգսյանի որդուց 10.000 դոլար, բայց հետաքրքրականն այն է, որ բացի շահագրգիռ անձից՝ Սամվել Սարգսյանի որդուց, որեւէ փաստական տվյալ գոյություն չունի, միայն Սամվել Սարգսյանի որդու ցուցմունքն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031